Դավութօղլու.«ԱՄՆ-ը Ցեղասպանության բանաձևի ընդունումը Թուրքիայի վրա բանեցնում է որպես ճնշման լծակ»
Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն է:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող N252 բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին ու Մարկ Քըրքը: Հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը հայտարել է, որ ինքը հակված է բանաձևի ընդունմանը:
Տեղեկացնենք, որ այս պահին բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվը հասնում է 135-ի:
Թուրք լրագրողները նախօրեին Եգիպտոս մեկնող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում խնդրել են անդրադառնալ քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին: Ի պատասխան հարցին, Դավութօղլուն նկատել է, թե ԱՄՆ-ը բանաձևի ընդունումը Թուրքիայի վրա բանեցնում է որպես ճնշման լծակ: Ապա հավելել, թե ինքը հույսեր չունի, որ թուրք-ամերիկյան լարվածությունը կթուլանա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը
ArmAr.am












