Քլինթոնն Էրդողանին ինչ-որ բա՞ն է խոստացել
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման խնդրին:
Ներկուսակցական ժողովում նա խոսել է դարձյալ իրեն բնորոշ շեշտադրմամբ, թե այդ հարցը պատմաբանների զբաղմունքի առարկան է. «Ցեղասպանության հետ կապված պնդումները ճիշտ կլինի որոնել ոչ թե Ներկայացուցիչների պալատում, այլ համալսարաններում և արխիվներում»:
Թուրքական դիվանագիտությանը բնորոշ, թուրք պաշտոնյաները շարունակում են նույն երևույթի մասին ճիշտ հակադիր կարծիքներ արտահայտել:
Չնայած այն բանին, որ թուրք բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյա` ԱԳ նախարար Դավութօղլուն, այլևս անհույս է, որ կկարգավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, սակայն վարչապետ Էրդողանը ճիշտ հակառակ կարծիքն է հայտնել. «ԱՄՆ-Թուրքիա համագործակցությունը պատմության ամենաբարեհաջող շրջանն է ապրում: Հուսով եմ, որ այս տեսակ նախաձեռնություններով հնարավոր չի լինի վնասել այդ համագործակցությանը: Այս պահին ես վստահում եմ Հայաստանի հետ շարունակվող կարգավորման գործընթացին հետևող Բարաք Օբամայի ողջամտությանը, քանի որ վերջերս Կատար կատարած այցելությանս ժամանակ այդ թեմայով զրուցել եմ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ»: Իր կուսակիցներին հույս է տվել Թուրքիայի վարչապետը:












