Գլխավոր » Լրահոս

«Սարգիս Տխրունի» միությունը բաց նամակ է հղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Մարտ 3, 2010թ. 13:15

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը բաց նամակ է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին։ Նամակում ասվում է.

«1914-1922 թթ. Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի բնաջնջումը դարասկզբի մեծագույն ոճիրն էր, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ քաղաքակիրթ մարդկության դեմ: Հայոց մեծագույն վիշտը` Ցեղասպանությունն էր, որ հետագայում որպես անպատժելիության նախադեպ ծառայեց ֆաշիստական Գերմանիայում` հրեաների հոլոքոստն իրականացնելու համար:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Իրար հաջորդող ԱՄՆ նախագահների նախընտրական խոստումները` ուղղված հայ ժողովրդին, ցայսօր մնացել են թղթի վրա: Ոճրագործ Թուրքիան շահարկում է իր իսկ կողմից կատարված հանցագործությունը` ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով:

ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է, որ իր վրա է վերցրել աշխարհում ժողովրդավարություն և արդարություն հաստատելու բարձր առաքելությունը, սակայն իր անվճռականությամբ հնարավորություն է տալիս ոճրագործին ոչ միայն լկտիաբար մերժել դարասկզբի մեծագույն ոճիրը, այլ նաև բացահայտ շարունակել իր հայատյաց քաղաքականությունը: Դուք, որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան, պարտավոր եք փոխանցել մեր խոսքերը Վաշինգտոնի քաղաքական ղեկավարությանը: Չպատժված ոճիրը ծնում է նորանոր ոճիրներ, հանցագործին պարտակողը դառնում նրա հանցակիցն ու գործընկերը:

Մարտի 4-ին և դրան հաջորդող գործընթացներում ԱՄՆ-ը հնարավորություն ունի ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրապես հանդիսանում է ազատության և արդարության առաջամարտիկը ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ոճրագործը միևնույն է պատժվելու է, սակայն Ձեր երկիրը պետք է ապացուցի, որ իր համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր են, քան թե թուրքական աղվեսային դիվանագիտության բացահայտ շանտաժն ու սպառնալիքները»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն