Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառումներ` Գերմանիայում

Մարտ 3, 2010թ. 15:47

Միանալով այս օրերին սփյուռքահայ համայնքներում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, գերմանահայությունը եւս փետրվարի 27-ին հիշատակեց այդ օրը՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ, որոնք համատեղ ուժերով կազմակերպել էին  Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը, Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը, Բեռլինի Հայ Եկեղեցու եւ մշակութային երկու համայնքները, Գերմանիայում ՙԱրցախի բարեկամների միությունը՚, ՙՃանաչում՚ աշխատանքային խումբը եւ ՙԵրրորդ հազարամյակն առանց պատերազմների՚ միությունը։

Փետրվարի 27-ի առավոտյան, բազմաթիվ գերմանահայեր, միանալով համայն աշխարհի հայության արդար պահանջին, ադրբեջանական դեսպանատան առջեւ կազմակերպեցին բողոքի ցույց` պահանջելով սումգայիթյան ոճրագործության դատապարում, արդարություն ու հատուցում։

Ցույցից հետո Բեռլինի Սբ. Լուիզե եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի, ինչպես նաեւ Արցախյան շարժման բոլոր հայ նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որը վարեց Բեռլինահայ համայնքի հոգեւոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանը։ Այլ հյուրերի թվում արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը։

Այնուհետեւ Բեռլինի Շարլոտենբուրգ թաղամասի թաղապետարանի դահլիճում տեղի ունեցավ երկու մասից բաղկացած հուշ-երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյանը։ Իր խոսքում տիկին Ափինյանն առանձնապես ընդգծեց.ՙՀիշելով ու սգալով մեր անմեղ նահատակներին, նրանց հիշատակը ըստ արժանվույն հարգած կլինենք միայն այն դեպքում, եթե պահպանենք ու շենացնենք մեր անկախ հայոց պետականությունը՝ ի դեմս Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների՝ որպես հզորագույն երաշխավոր մեր ազգի բարոյական ու ֆիզիկական անվտանգության, մեր ազգային արժեքների անձեռնմխելիության, մեր աշխարհասփյուռ ազգի խաղաղության ու բարօրության՚։

Սումգայիթում, Բաքվում, Գանձակում ու Ադրբեջանի մյուս վայրերում հայերի դեմ իրականացված ոճրագործությունների մասին հանգամանալից դասախոսեց Ազատ համալսարանի դոցենտ, հայագետ դր. Թեսսա Հոֆմանը։

Երեկոյին բազում գերմանահայ հյուրերից բացի ներկա էին գերմանացի լրագրողներ, հունական ու իրանական համայնքների ներկայացուցիչներ։

Սումգայիթյան զոհերի հիշատակման միջոցառումներով գերմանահայությունը դրսեւորեց աննախադեպ բարձր միասնականության ու համերաշխության։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն