«Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ միջազգային հանրությունը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն է կրում»
Ալֆրեդ դը Զայաս. «Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ արդարության վերականգնման հարցում միջազգային հանրությունը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն է կրում։ Առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի կողմից ցեղասպանության փաստի և այդ իրողության համար պատասխանատվության ընդունումը։ Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականություն վարել, շարունակում է նաև ոտնահարել ինչպես հայերի, այնպես էլ մարդկության` ճշմարտությունն իմանալու իրավունքները։
Կցանկանայի նաև, որ դուք միանաք այլ ցեղասպանությունների զոհերի դատին, մասնավորապես, Պոնտոսի և Զմյուռնիայի հույների, Օսմանյան կայսրության ասորի քրիստոնյաների և 200.000 տեղահանված կիպրոսցի հույների հետ, որոնք 1974թ. դարձան Թուրքիայի հարձակողականության և բռնազավթման զոհ։ Զավեշտալի է, որ միջազգային հանրությունը համակերպվում է այն փաստի հետ, որ Թուրքիան մեկ միլիոնից ավելի հայ է կոտորել և մինչ օրս չի ընդունել իր մեղքը ու փոխհատուցում չի տրամադրել։ Աղաղակող փաստ է, որ 34 տարի առաջ Թուրքիան գրավել է Կիպրոս կղզին և մինչ օրս բռնի տնօրինում է Կիպրոսի տարածքի 37%-ը։ Խայտառակություն է, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ բանակցում է նրան իր կազմում ընդունելու շուրջ։ Սա առնվազն սյուրռեալիզմ է։
Կոչ կանեի միանալ Հարավային Պրուսիայի, Պոմերանիայի, Սիլեզիայի, Բոհեմիայի, Մորավիայի, Հունգարիայի և Հարավսլավիայի 15 մլն վտարանդիներին և Երկրորդ համաշխարհային պա- տերազմի ավարտին մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործության` երկու միլիոն կործանված գերմանացիների արդարացի դատին։
Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել` միջազգային օրենքում ամրագրված Է հայրենիք վերադառնալու իրավունքը։ Ամրագրված Է նաև իրավունքի վերականգնման (ռեաբիլիտացիայի) և փոխհատուցում ստանալու իրավունքը, որի մասին բազմաթիվ հղումներ կան ՄԱԿ-ի տարբեր որոշումներում ու հռչակագրերում։
Հիշենք նաև 1995թ. Դայթոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնք վերջ դրեցին Բոսնիայի և Հերցեգովինայի միջև պատերազմին Այս համաձայնության արդյունքում ստեղծվեց Մարդու իրավունքների պալատը, որը քննության առավ տեղահանության և փոխհատուցման մոտ 15.000 դեպք։
Գոյություն ունեն միջազգային օրենքի նորմեր, որոնք կիրառվում են։ Եկեք պահանջենք, որպեսզի դրանք կիրառվեն բոլոր դեպքերի նկատմամբ, որպեսզի ճանաչվեն ցեղասպանության զոհերը, վերականգնվեն նրանց իրավունքները և փոխհատուցվեն նրանց կրած վնասները։
Այս նպատակների իրականացման ճանապարհին դեռևս որոշ խոչընդոտներ կան, և դրանցից առաջինը տեղեկատվության պակասն Է»։












