Գլխավոր » Լրահոս

«Ռուսաստանում որոշում է ընդունվել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը կասեցնելու մասին»

Սեպտեմբեր 18, 2009թ. 19:25

hrant2Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ ՄելիքՇահնազարյանը: Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների նախաստորագրած արձանագրություններին`  փորձագետը նշեց, որ դրանց հրապարակելուց հետո շատ խոցելի խնդիրներ միանգամից նկատվեցին, սակայն ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ արձանագրություններում նախապայմաններ իրականում կան. «Եթե մենք Ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, բնականաբար, հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից և՛ բարոյական, և՛ քաղաքական առումներով»: Բանախոսը նկատել է,  որ ներկա քաղաքական իրավիճակի պատճառով չի կարելի գալիք սերունդներին զրկել Արևմտյան Հայաստանն ազատ տեսնելու հնարավորությունից: «Ես վստահ եմ, որ եթե մենք այսօր չենք կարող պահանջել մեր հողերը, ապա իրավունք չունենք այդ հնարավորությունից զրկել նաև հետագա սերունդներին», – ասել է Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է արձանագրություններում ԼՂՀ հիմնախնդրի առկայությանը, փորձագետը նշեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ԼՂՀ հակամարտության գործընթացը մեկ հարթության մեջ ներկայացնել: «Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն զանգահարել է Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր ԱԳ նախարարություններին և խնդրել է քննարկում կազմակերպել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ԼՂՀ հակամարտության գործընթացի շուրջ: Հստակ հասկացնում են՝ կա’մ Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունը ԼՂՀ հարցում զիջումների գնալու առումով, կա’մ նախաստորագրված արձանագրությունները չեն վավերացվի Թուրքիայի խորհրդարանի կողմից»:

Բանախոսը կարծում է, որ  հայտարարված 6 շաբաթից հետո ՀՀ նախագահը կստորագրի արձանագրությունները, սակայն, «հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելը նշանակում է ընդունել Թուրքիայի նախապայմանները»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, երկրի իշխանությունների և ընդդիմության տեսակետը այս հարցի շուրջ միատեսակ է: Պարզապես ընդդիմությունը փորձում է խուսափել այս հարցի վերաբերյալ քննարկումներից և խորհրդակցություններից, որպեսզի հետագայում հնարավորություն լինի իշխանություններին մեղադրել նաև այս խնդրում: «Իսկ Դաշնակցության նպատակը թեև ազնիվ ու արդար է, սակայն միևնույն է,  հրապարակում 50 մարդուց ավել չի հավաքվում: Զարմանալի է, բայց փաստ. թուրքական վտանգը ներկայումս չի միավորում մեր ժողովրդին»: Նա նաև նշել  է, որ մի քանի օր առաջ «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի շրջանակներում առիթ է ունեցել հանդիպել Հայաստան ժամանած մի շարք ռուս վերլուծաբանների հետ, որոնք, ի դեպ, վերլուծություններ են անում Ռուսաստանի ԱԳՆ-ի համար, և նրանց հետ զրույցից եզրակացրել է, որ Ռուսաստանում որոշում է ընդունվել հայթուրքական հարաբերությունների ներկա փուլը կասեցնելու համար: «Հիմա հույսս կապում եմ արտաքին ճնշման հետ, քանի որ ներքին ճնշումը չի օգնում։ Ես, իհարկե, վստահ եմ, որ երբ մի ժողովրդի ճակատագիրը որոշում են երկրորդ և երրորդ պետությունները, դա արդեն ողբերգություն է, բայց սա է փաստը», – հավելել է Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ընդհանրապես` փորձագետը վստահություն է հայտնել, որ երկու տարբեր արժեհամակարգեր չեն կարող համատեղ գոյատևել. «Եթե մենք մտածում ենք, որ Թուրքիայի սահմանը բացելով` հանգիստ կարող ենք տնտեսություն զարգացնել, ապա վստահեցնում եմ, որ բավական է ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում լինի անհանդուրժողականություն, մենք միանգամից այդ սահմանը կկորցնենք, ինչպես 1993 թվականին»: Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ միշտ չէ, երբ բաց սահմանը նպաստում է պետությունների ու ժողովուրդների կայուն զարգացմանը: «Իսկ ինչու՞ մենք չենք մտածում, որ հայերի և թուրքերի համար նախընտրելի տարբերակը հենց փակ սահմանն է», – հարցադրել է Մելիք-Շահնազարյանը` նշելով, որ այդ պարագայում թուրքական վտանգը  Հայաստանի համար այդքան ընդգծված չի լինի:

Կամասար ՄԵԼԻՔՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`