Կործանվել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռ
Մարտի 3-ին, ժամը 16:15-ին մոտ Թովուզի շրջանի Աշաղի Այիբլի գյուղի մոտ կործանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Սու-25» ինքնաթիռը, որը պլանային ուսումնական թռիչք էր կատարում 4 կործանիչներից բաղկացած էսկադրիլիայի կազմում: Օդաչու Ֆամիլ Մամեդլին զոհվել է: Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռները ոչ շատ մեծ բարձրության վրա մանևրներ էին անում և թվում էր, թե ընկնելու են գյուղի տների վրա: Ինքնաթիռներից մեկը թևով քսվել է գետնին, հետո փորձել է բարձրություն վերցնել ու բաժանվել է մասերի, որոնք տարածվել են 300-400մ հեռավորության վրա: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և արգելել լրագրողների մուտքը վթարի վայր: Պաշտպանության նախարարության ու դատախազության համատեղ հանձնաժողովը հետաքննում է կատարվածի պատճառը:
Թովուզի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալը ԶԼՄ-ներում շրջանառել է վարկած, ըստ որի` ինքնաթիռի կործանման պատճառը մեքենայի անսարքությունն է եղել: Բայց ականատեսների վկայությունները հուշում են, որ վթարի պատճառ կարող է եղած լինել նաև օդաչուի մասնագիտական ցածր պատրաստվածությունը: Չի բացառվում, որ մի քանի ինքնաթիռ, միմյանց մոտ թռչելով, խանգարել են կործանված ինքնաթիռի օդաչուին:
ArmAr.am












