Մարտի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունը
Ս/թ. մարտի 5-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,
նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Հիշեցնենք, որ պատգամավորը բողոքել է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին և նոյեմբերի 12-ին Երևանում անցկացված` ՙ«Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» բողոքի խաղաղ գործողությունների ընթացքում մասնակիցների հանդեպ ոստիկանական ոտնձգությունների վերաբերյալ: Ոստիկանների վերոնշյալ գործողությունները պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց մասին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից հաղորդումններ էին տրվել հանցագործությունների մասին, սակայն դրանք պատշաճ ընթացք չէին ստացել` օրինազանց ոստիկանների գործողությունների վերաբերյալ քրեական գործեր չէին հարուցվել:
Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը չէր ներկայացել` իր կողմից ուղարկված պաշտոնեական գրությամբ դատարանին խնդրելով դատական նիստը հետաձգել` անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր համապատասխան ստորաբաժանումներից ստանալու համար… :
ArmAr.am












