Էդվարդ Նալբանդյան. «Թուրքական նախապայմանների լեզվին, ավելանում է սպառնալիքների լեզուն»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը վկայում է, որ Անկարան արհեստականորեն է ձգձգում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարար Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում, մասնավորապես ասել է. «Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձագրությունները և դա չի արել: Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուն երեք անգամ երեք օր: Այսինքն Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց մասին հստակ ասվում է դեռևս 2009թ. օգոստոսի 31-ի Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ: Եվ ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին, ավելանում է սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»:












