Հովարդ Բերման.«Գործընկերներիս կոչ եմ անում կողմ քվերակել Հայոց Ցեղասպանության բանաձևին »
Այս պահին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին Հարաբերությունների պալատում ընթանում է Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի քննարկումը։ Բացի կոնգրեսականներից դահլիճում ներկա են նաև ցեղասպանություն ապրած մի քանի հայեր, ովքեր վկայություն կտան կատարված դեպքերի առնչությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը։ Նա նշեց, որ ԱՄՆ-ը կարևորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան ի՞նչպես կարող է անուշադրության մատնել և չընդունել Հայոց Ցեղասպանությունը։ «Նոբելյան մրցանակակիր Օ. Փամուկը հալածվեց՝ հայրենի երկրից դուրս այս թեմայով բարձրաձայնելու համար։ Ես պատմաբան չեմ, Ստաբուլի արխիվներում սկզբնաղբյուրներ չեմ ուսումնասիրել, բայց փորձագետների ճնշող մեծամանությունը՝ գիտնականները, միջազգային հեղինակավոր փորձագետները, տարիներ շարունակ այս խնդիրն ուսումնասիրողները համակարծիք են, որ հայերի ողբերգական ջարդերը հավասարազոր են Ցեղասպանության։ Երկու տարի առաջ Կոնգրեսի անդամներին ուղղված նամակում Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցությունը նշեց, հետևյալը. «Հայոց Ցեղասպանության վերաբերյալ պատմական արխիվները և գրառումներն աներկբա են, հաստատվում են բազմաթիվ ապացույցներով։ Այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի պետական արխիվներով։ Եվ որ ամենակարևորն է Օսմանյան կայսրության 1-ին համաշխարհային պատերազմում դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրիայի և Հունգարիայի արխիվներով։ Օսմանյան կայսրության դատական մարշալի ծառայության 1918-20թթ փաստաթղթերով և տասնամյակների գիտական աշխատություններով»։
Աշխարհում հիմա էլ են շարունակվում ցեղասպանությունները։ Եվ Հայոց Ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի քաղաքակությունը արտոնագիր է տալիս մյուսներին այլ տեղերում ցեղասպանություն կատարելու։ Ցեղասպանություն ուսումնասիրողները կոչ են անում պալատին՝ ընդունել բանաձևը, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, քանի որ ինչպես նրանք են ասում. « Ճանաչումը հավասարազոր կլինի 20-րդ դարի պատմական շրջադարձային կետի, ցեղասպանություն, որով դարաշրջանի ժամանակակից ցեղասպանության մեկնարկը ազդարարվեց»: Չնայած ասվածին, սակայն մինչև վերջերս Հայոց Ցեղասպանությունը մնացել է անուշադրության մատնված , այն արժանի է բարոյական հիշատակման։ Մի շարք գիտնականներ գրել են, որ Հայոց Ցեղասպանությունը ամենանմանն է հրեական հոլոքոստին։ Իր զեկույցում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ենթահանձնաժողովը նշել է, որ Հայերի ջարդերը հավասարազոր են Ցեղասպանության։ Ցեղասպանություն բառը հորինած լեհ գրողը՝ Լենկինը, որը Ցեղասպանության միջազգային կոնվենցիայի հեղինակներից մեկն է, ասել է. «Ցեղասպանությամբ հետաքրքրություն ցուցաբերեցի, որովհետև այն տեղի էր ունեցել հայերի հետ»։ Մոտ երկու տասնյակ պետություններ Ֆրանսիան, Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Չիլին… պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Նաև Եվրոպական խորհրդարանն է ճանաչել այն։ Որպես մարդու իրավունքների պաշտպանության մունետիկը աշխարհում ԱՄՆ-ը այս ոլորտում բարոյական պարտավորություն ունի։ Թուրքերն ասում են, որ բանաձևի ընդունումը կարող է ահավոր հետևանքներ ունենալ երկու երկրների հարաբերությունների համար։ Եվ, երևի ,որոշ հետևանքներ կլինեն։ Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ գնահատում է նույնչափ, որքան մենք ենք գնահատում մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ես հավատում եմ, որ թուրքերն ինչքան էլ որ այսօր խորը դժգոհություն ունեն, համաձայն եմ նաև, որ ամերիկա- թուրքական դաշինքը չափազանց կարևոր է, սակայն ոչ պակաս կարևորություն ունեցող իրավաբանական այս բանաձևը չի կարող խաթարել այդ հարաբերությունները։ Պատմության ցանկացած փուլում ցանկացած ազգ պետք է կարողանա հաշտվել իր պատմության հետ։ Գերմանիան դա արել է Հոլոքոստի առումով, Հարավային Աֆրիկան է ճշմարտության հանձնաժողով ստեղծել։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել և քննարկել բնիկ հնդկացի ամերիկացիների ոչնչացման դեպքերը։ Սա բարդ և ծանր գործընթաց կլինի թուրք ժողովրդի համար։ Բայց Թուրքիայի ժողովրդավարությունը դրանից կամրապնդվի և ամերիկա-թուրքական հարաբերություններն ավելի կբարելավվեն։ Գործընկերներիս կոչ եմ անում բանաձևին կողմ քվերակել,-հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։
ArmAr.am












