Երաշխիք չկա, բայց մեծ է հավանականությունը
«Ոչ մի երաշխիք չկա, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում երեկ ընդունված բանաձը կներկայացվի լիագումար նիստի քվեարկությանը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ շատ բան կախված է նրանից, թե Թուրքիան ի՞նչ ձևով կշարունակի իր հակազդեցությունը։ Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչպիսին կլինի Օբամայի վերաբերմունքը, ինչպիսին կլինի Հայաստանի վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես կաշխատի նաև ԱՄՆ հայկական համայնքը։ «Ընդհանուր այս իրավիճակը նկատի առնելով, հաշվի առնելով նաև այն, որ նախորդ 10 տարիներին այս բանաձևը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսքան դժվարությամբ չի ընդունվել, կարծում եմ, որ այս անգամ մի քիչ ավելի հավանականության կա, որ բանաձևը կհասնի մինչև լիագումար նիստ»,- ասաց Կիրո Մանոյանը։
ArmAr.am












