Հայաստանում Իսպանիայի դեսպան Պուժոլին ասել է, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (Juan Antonio March Pujol) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ըստ ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման և խորացման գործում:
Իր հերթին դեսպան Պուժոլին նշել է, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը և դեսպան Պուժոլին անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և այդ շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Տեղեկանք: Խուան Անտոնիո Մարկ Պուժոլը ծնվել է 1958թ. փետրվարի 27-ին, Բարսելոնայում: Ավարտել է Բարսելոնայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը: 1988թ. աշխատանքի է անցել Իսպանիայի ԱԳՆ համակարգում: 1996-2001թթ. եղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, իսկ 2001-2004թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում Իսպանիայի Թագավորության դեսպանության խորհրդական: 2004-2007թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը: 2007թ. նշանակվել է Իսպանիայի դեսպան Ռուսաստանում:












