«20-րդ դարասկզբին հայ ազգի դեմ կատարած ոճրագործության մեղավորը Օսմանյան կայսրությունն է»
Հայաստանի առաջադիմական կուսակցության հայտարարությունը
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Կիսելով բոլոր մտահոգությունները, որ հետագա գործընթացներում ԱՄՆ վարչակազմը կօգտագործի իր ազդեցությունը՝ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման առիթով, այնուհանդերձ, կարծում ենք, որ Կոնգրեսի հանձնաժողովում բանաձեւի ընդունումը պատմական արդարությունը վերականգնելու հերթական դրսեւորումն էր:
Մենք մտահոգված ենք բանաձեւի ընդունման առիթով թուրքական կողմի արձագանքներից, մասնավորաբար, սպառնալիքներից՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման եւ արձանագրությունների վավերացման գործընթացի հնարավոր դադարեցմանը: Մեր տարակուսանքն ենք արտահայտում առ այն, որ թուրքական կողմն արդեն իսկ բացահայտորեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերությունների ձեւավորումը պայմանավորում է երրորդ երկրների եւ դրանց առնչվող խնդիրների հետ:
Չենք կիսում թուրք գործիչների տեսակետները, որ բանաձեւի ընդունմամբ, թուրք ազգին փորձ է արվում մեղադրել մի բանում, որ նա չի արել:
Հայաստանի առաջադիմական կուսակցության տեսակետն այս առիթով հետեւյալն է՝ 20-րդ դարասկզբին հայ ազգի դեմ կատարած ոճրագործության մեղավորը Օսմանյան կայսրությունն է: Օսմանյան կայսրության իրավահաջորդ ներկայիս Թուրքիան իր մեջ պետք է քաջություն գտնի՝ հրապարակավ ընդունելու դարասկզբի ոճրագործությունը, որպեսզի մեկընդմիշտ խուսափենք նման բարբարոսություններից:
Հայաստանի առաջադիմական կուսակցության վարչություն












