Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներն են քննարկվել Նախագահի մոտ

Մարտ 6, 2010թ. 12:50

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանգամանորեն ներկայացրել են բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները` շեշտելով, որ դրանցից գլխավորը կուտակային համակարգի ներդրումն է,  որի նպատակը կենսաթոշակային տարիքից հետո քաղաքացիներին բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելն է: Նրանք նաեւ ասել են, որ առաջարկվող մոդելը հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձը եւ հնարավորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրումը համադրել սոցիալական համերաշխության սկզբունքի հետ:

Ընդունելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարեւորությունը` խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ներկայացրել են իրենց նկատառումներն, առաջարկություններն ու մտահոգությունները:

Նախագահ Սարգսյանը ամփոփելով խորհրդակցության արդյունքները` համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ, եւ կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության  ժամանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է կատարվելիք բարեփոխումների էությունը հասարակությանը հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը` նշելով, որ այն հաջողության կարեւոր գրավականերից է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն