ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյան. «Հայ ժողովուրդը վերականգնեց ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը»
Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը:
Այսօր էլ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանությունները անում են հնարավորը` դիմակայելու տարբեր մարտահրավերների եւ սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը կհասնի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների, կտոնի նոր հաղթանակներ եւ կիրականանան հայ ժողովրդի նվիրական իղձերը:
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք` հանուն Հայաստանի եւ Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի:
Խորին հարգանքով` Բակո Սահակյան»:
ՀՀ Անկախության տոնը
Թեգեր` Բակո Սահակյան, ԼՂՀ, նախագահ












