Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական ծրագիրը

Մարտ 10, 2010թ. 13:30

NorkHospital_1Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում

Բրազիլահայ համայնքի աջակցությամբ  Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա եւս երկուսով: Այս հիվանդանոցում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող վեցերորդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային եւ ավագ մանկական վարակային բաժանմունքները:

Ծրագիրը ստանձնելու իր որոշման մասին Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոստիչյանը հայտնել էր դեռ 2009-ի հոկտեմբերին, երբ բրազիլահայ պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել էր Երեւան:

«Հիմնադրամի գործունեության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ բարերարը մեկ ծրագիր հովանավորելուց հետո ցանկություն է հայտնում հոգալ հաստատության այլ կարիքները եւս: Արդյունքում շահառուի խնդիրները համալիր լուծում են ստանում: Այսօրինակ դեպքերը մեկ անգամ եւս փաստում են Հիմնադրամի մեծ ներուժն ու վստահությունը»,- ասում է «Հայաստան»  համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

2005 թվականից ի վեր Հիմնադրամի շնորհիվ հիմնանորոգվել է հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապեւտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները, ինչպես նաեւ փոխվել Բ մասնաշենքի տանիքը, կառուցվել ջեռուցման համակարգ ու կաթսայատուն:

«Բարեկարգ պայմանները, ինչ խոսք, դրական ազդեցություն են ունեցել թե բուժսպասարկման որակի, եւ թե հիվանդների ինքնազգացողության վրա: Ներկայիս վիճակը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ բուժսպասարկում իրականացնել մասնավորապես համաճարակների ժամանակ»,- ասում է Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Նրա խոսքով` նորոգված բաժանմունքներում անցյալ տարի սպասարկվել է շուրջ 4800 ստացիոնար եւ 2350 ամբուլատոր հիվանդ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն