Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ստեփան Դեմիրճյան.«Ցավոք ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ»

Մարտ 10, 2010թ. 13:48

7983Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե քիչ հավանական է համարում, որ հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներառվի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի օրակարգում:

«Մենք, իհարկե, ողջունում ենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը, սակայն ցավոք ես քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ: Սրա մասին են վկայում նաեւ Քլինթոնի հայտարարությունները, որ ամեն ինչ անելու են, որ հարցը չմտնի օրակարգ: Իհարկե, Կոնգրեսը անկախ, ինքնուրույն մարմին է, Ազգային Ժողովի նման չէ, սակայն ամեն դեպքում քիչ հավանական եմ համարում, որ հարցը մտնի լիագումար նիստի օրակարգ», -ասում է Ստեփան Դեմիրճյանը:

Նա նաեւ նշել է, որ չի կարծում, թե Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, թեկուզ վերապահումով:

ՀԺԿ նախագահը նաև անդրադարձել է երկրի ներքաղաքական խնդիրներին ու  այսօր դարձյալ հայտարարել թե.«Երկրում ներքաղաքական ճգնաժամը օրեցօր խորանում է, համարժեք քայլեր չեն կատարվում ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ, խայտառակ դատավարություններ են տեղի ունենում»: Հետևապես, ըստ ՀԺԿ նախագահի հասունանում է արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: «Ճգնաժամը վերացնելու միակ միջոցը արտահերթ ընտրություններ անցկացնելն է. ինչքան շուտ դրանք լինեն, այնքան ավելի լավ կլինի մեր պետությունը», -հայտարարեց ՀԺԿ նախագահը:

Ինչպես միշտ ՀԺԿ նախագահը Սահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրականացման կողմնակիցն է, դրա համար էլ փուչ  է համարում զենքի միջոցով իշխանափոխության հասնելու մասին խոսակցությունները.   «Պետք է գործել միայն Սահմանադրության շրջանակներում` ես դա գիտեմ, մենք դա կարող ենք անել, զենք վերցնել և այլն դա մեր գործը չէ, դրա հետ մենք գործ չունենք», -ասել է Դեմիրճյանը:

Երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին հնչած հարցին Դեմիրճյանը պատասխանելիս, նկատել է. «կոռուպցիայի դեմ իմիտացիոն պայքար է ընթանում և այս իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն պայքարել կոռուպցիայի դեմ: Կոռուպիան գնալով ծաղկում է»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է ՀԺԿ նախագահը կորցրել է իր «նախկին փայլը և իր միակ հույսը կապել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ», պարոն Դեմիրճյանն ասել է. «Ամեն մարդու ճակատագիր իր սեփական ձեռքերում է: ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային ուժերից մեկը», -վստահեցրել է ՀԺԿ նախագահը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն