Արթուր Բաղդասարյան.« Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության բարձր մակարդակ ապահովելու համար»
Մարտի 10-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, նախապատրաստվում է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիր:
Ալեքսանդր Մանիլովը ներկայացրել է Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի գործունեությունը, գործող նորմատիվ-իրավական դաշտը: Նա կարեւորել է սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը սահմանապահ զորքերի հրամանատարության հետ, ինչպես նաեւ` օգտագործել առկա փորձը Հայաստանում բարեփոխումների իրականացման ընթացքում:
Ալեքսանդր Մանիլովն Ա. Բաղդասարյանին է հանձնել սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի որոշմամբ սահմանների անվտանգության խնդիրներին մեծ ուշադրություն հատկացնելու համար նրան շնորհված մեդալը:
ArmAr.am












