Գորան Լենմարկեր. «Ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կկարգավորվի»
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի գլխավորությամբ, մարտի 9-16-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում: Հայաստան այցը նախատեսված է մարտի 10-13-ը:
Գորան Լենմարկերն իր լավատեսությունն է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կկարգավորվի:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը նա ասել է, որ Մադրիդյան փաստաթղթի համաձայնեցված ներածականը հիանալի մեկնակետ է: Նրա կարծիքով` հակամարտության կողմերը քաղաքական կամք ունեն հիմնախնդիրը խաղաղ ու երկարաժամկետ լուծելու համար: «Ե՜վ Ադրբեջանը, ե՜ւ Հայաստանը հասկացել են, որ չկարգավորված հակամարտությունները թանկ են նստում, հատկապես` երբ խոսքը մարդկային տառապանքների մասին է: 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած կարճատեւ պատերազմը բոլորին հիշեցրեց, որ չկարգավորած հակամարտությունները շատ վտանգավոր են»,- նշել է Լենմարկերը:
Անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացին` նա նշել է, որ իրական առաջընթաց դեռեւս հնարավոր է: «Շատ կարեւոր եմ համարում Թուրքիայի ու Հայաստանի միջեւ շփումները եւ նրանց կողմից ստորագրված արձանագրությունները: Կարծում եմ` իրական առաջընթաց հնարավոր է: Իհարկե, դա ներկայումս կախված է Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններից»,- նշել է Լենմարկերը ու հավելել, որ գործընթացը դրական հեռանկարներ ունի ոչ միայն Հայաստանի, Թուրքիայի ու Կովկասի, այլեւ տարածաշրջանից դուրս երկրների համար:
«Ես որեւէ պատճառ չեմ տեսնում, որ Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները չհամագործակցեն, Ընդհակառակը` շփումներն անհրաժեշտ են բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Բնական նպատակ է տարածաշրջանում բաց սահմաններ ունենալը` մարդկանց եւ ապրանքների ազատ տեղափոխման համար: Փակ սահմանները միայն խանգարում են աճին»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
ArmAr.am












