Շվեդիայի խորհրդարանի ծնունդով Թուրքիայից երեք պատգամավորներ կողմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին
«Միացյալ Նահանգներից հետո Շվեդիայում Ցեղասպանության բանաձևի ընդունումը պատճառ դարձավ մեծ բողոքի: Ուշադրություն դարձվեց բանաձևին կողմ քվեարկած Շվեդիայի Ռիկսդագի այն անդամների վրա, որոնք ծնունդով Թուրքիայից են»,- գրում է թուրքական «Սաբահ» (Sabah) թերթը:
Բանից պարզվում է` շվեդական խորհրդարանում կան ծնունդով Թուրքիայից 4 պատգամավորներ, որոնցից երեքը կողմ են քվեարկել Ցեղասպանության օրինագծին, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունը ներկայացնող ազգությամբ թուրք Մեհմեթ Քափլանը չի մասնակցել քվեարկությանը:
Վերջինս «Sabah»-ին տված պարզաբանումներում, նշել է, որ ինքը հենց սկզբից դեմ է արտահայտվել այդ օրինագծին, բայց քանի որ իր անդամագրված կուսակցության դիրքորոշումը սատարել է բանաձևը, հետևաբար ինքը, որպես բողոքի նշան, լքել նիստերի դահլիճը և չի մասնակցել քվեարկությանը: Մեհմեթ Քափլանը մեղադրել է ծնունդով Թուրքիայից մյուս երեք խորհրդարանականներին, որոնք կողմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին:
Տեղեկացվում է, որ «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» գլխավոր քարտուղար Իբրահիմ Բայլանը և նրա կուսակից Յըլմազ Քերիմոն «Ժողովրդական կուսակցության» պատգամավոր Վանլը Գյուլան Ավջըի հետ միասին կողմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին: Նրանցից առաջին երկուսն ասորական, իսկ երրորդը քրդական ծագում ունեն:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են 20 պետություններ. Ուրուգվայ (1965թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982թ.), Արգենտինա (1993թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995թ.), Կանադա (1996թ.), Հունաստան (1996թ.), Լիբանան (1997թ.), Բելգիա (1998թ.), Իտալիա (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիա (2001թ.), Շվեյցարիա (2003թ.), Սլովակիա (2004թ.), Հոլանդիա (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիա (2005թ.), Վենեսուելա (2005թ.), Լիտվիա (2005թ.), Չիլի (2007թ.), Շվեդիա (2010թ.):












