Օբաման հրավիրել է ՀՀ նախագահին
Նախագահ Սարգսյանին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, վառ ապացույցն է այն բանի, որ բարձր է գնահատվում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական, բաց և կառուցողական քաղաքականությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով նախօրեին տարածված պաշտոնական տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահը Վաշինգտոն է հրավիրել Սերժ Սարգսյանին մասնակցելու վերոնշյալ գագաթաժողովին, հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահ Օբամայի հրավերը նաև այն բանի վառ ապացույցն է, որ Հայաստանի նախագահի նմանատիպ նախաձեռնողական ճկուն քաղաքականության արդյունքում Հայաստանի վարկանիշը բարձրացել է տարածաշրջանում և միջազգային ասպարեզում», -հավելեց իշխանական խորհրդարանականը:
Շարմազանովը կարևորեց այն հանգամանքը, որ լինելով տարածքով փոքր երկիր Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել գլոբալ միջուկային անվտանգության հարցերում, հետևաբար նախագահ Օբամայի հրավերն արդարացված է:
Օբամայի հրավերի մյուս բաղադրիչը, որ մատնանշեց պատգամավորը, տարածաշրջանային վերջին զարգացումներն են: «Ամերիկահայկական հարաբերություններն արագորեն զարգանում են, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սմերիկայի իշխող վարչակազմը պաշտպանում է Հայաստանի վարած նախաձեռնողական քաղաքականությունը, ապա տարածաշրջանային զարգացումները ևս կլինեն ուշադրության կենտրոնում», -հավելեց մեր զրուցակիցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշինգտոնյան գագաթաժողովում ներկա է գտնվելու նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատգամավորը չի՞ կարծում, որ Օբամայի հրավերը նաև ուղղված է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:
«Քանի որ օրակարգում կա նաև տարածաշրջանային զարգացումների թեման, չեմ բացառում, որ այդ թեմայի շրջանակներում քննարկվի նաև այդ հարցը: Կարծում եմ` ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է` տարածաշրջանում երկարատև խաղաղություն և բաց սահմաններ, բնականաբար այդ հարցը կքննարկվի», -պատասխանեց պատգամավոր Շարմազանովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը։












