Նախապատրաստվում է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիա
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Անգելա Մերկելի ու արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ՀՀ նախագահի այցելության հետ կապված հարցեր, հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ևս անդրադարձել են ՀՀ Նախագահի Գերմանիա կատարելիք առաջիկա պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին:
Բեռլինում նախարար Նալբանդյանն այցելել է նաև Բունդեստագ, ուր հանդիպում է ունեցել խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի և հանձնաժողովի անդամների հետ:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափերից է և ողջունել է Բունթեստագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների` հայ-թուրքական հարաբերությունների, արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Ռուպրեխտ Պոլենցը իր ղեկավարած հանձնաժողովի անունից ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։












