Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Ռուսաստանն ուժեղ երկիր է և բարեկամանում է ում հետ ցանկանում է՝ մեկը՝ նավթ ունի, մեկը՝ գազ: Իսկ մենք ինչո՞վ սնվենք: Օդո՞վ»

Սեպտեմբեր 21, 2009թ. 17:12

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվի, որը երկիրը կհեռացնի Ռուսաստանից: Այս մասին «Московский комсомолец» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների փոփոխություններին, ապա եթե դրանք Ռուսաստանի համար անընդունելի են` ինչո՞ւ է Ռուսաստանը Թուրքիային համարում իր ռազմավարական գործընկերը: Ադրբեջանը նույնպես ռազմավարական գործընկեր է հանդիսանում Ռուսաստանի համար: Ռուսաստանն ուժեղ երկիր է և բարեկամանում է ում հետ ցանկանում է՝ մեկը՝ նավթ ունի, մեկը՝ գազ: Իսկ մենք ինչո՞վ սնվենք: Օդո՞վ:

Մեզ մոտ առանց այդ էլ սահմանների մի մասը փակ է: Ոմանք մեզ քննադատում են, որ նախորդ տարի Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո կապ ենք պաշտպանում Վրաստանի հետ, սակայն ինչ–որ մեկին բավարարելու համար մենք չենք պատրաստվում թշնամանալ Վրաստանի հետ: Մենք չափից դուրս մոտ ենք միմյանց: Հարավային Օսիայի հնգօրյա պատերազմի ընթացքում, երբ մի որոշ ժամանակ դադարեցվեց Թբիլիսի-Երևան երկաթգծի աշխատանքները, Հայաստանում գրեթե բենզին չէր մնացել:

Այո, պատկերացրեք, մենք նույնիսկ բենզինի մեկ շաբաթվա պաշար չունենք: Մենք մեծ աշխարհ դուրս գալու ելք չունենք. մի կողմից մեզ համար փակ է Թուրքիան, մյուս կողմից` Ադրբեջանն է և ղարաբաղյան խնդիրը, իսկ երրորդ սահմանը Վրաստանն է: Ահա, քաղաքական ազատության հնարավորություն ստանալու համար էլ, թնդանոթային միս չդառնալու համար մենք ստիպված ենք չկորցնել մեր հարաբերությունները հարևանների հետ և նոր ալընտրանքային ուղիներ փնտրել:

Այժմ մենք փորձում ենք հաղորդակցություն հաստատել Իրանի հետ, ընդհանուր երկաթգիծ կառուցել, սակայն հենց այդ նույն Ռուսաստանը մեզ դրանում չի օգնում: Ինչո՞ւ է ամեն ինչ այսպես դասավորվում, եթե դուք հետաքրքրված եք մեզանով: Ի՞նչ է մեզ մնում անել»,- հայտարարել է Հայաստանի նախագահը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`