Թուրքիան Ադրբեջանին դրդում է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չի բացառել, որ Թուրքիան կարող է Արցախի դեմ ռազմական արկածախնդրության դրդել Ադրբեջանին, որպեսզի դուրս գա այն «անկյունից», որտեղ նրան հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերով «սեղմել» է Արևմուտքը: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները վերջերս այդպիսի ակնարկներ արեցին:
Մասիս Մայիլյանն առաջարկում է ադրբեջանական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու երկու տարբերակ.
Առաջինը` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով հայկական կողմերին ռազմական տեխնիկայի անվճար տրամադրում.
Երկրորդը՝ «ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ու «անվտանգության հովանոցներից» մեկի տակ գտնվելու հրավերը: «Այս տարբերակը պակաս ծախսատար է և չի հանգեցնի տարածաշրջանի հետագա ռազմականացմանը»:
Արցախցի փորձագետի կարծիքով, «նոր պատերազմի հետևանքները տարածաշրջանի համար բավականին ծանր կլինեն, սակայն Ադրբեջանը շատ ավելին կկորցնի»: «Անցել են այն ժամանակները, երբ կարելի էր նստել անվտանգ Բաքվում, անպատիժ որոշումներ կայացնել Ղարաբաղում ցանկացած բնակավայրի, այդ թվում նաև ԼՂՀ-ի մայրաքաղաքի վրա օդից գնդակոծություններ իրականացնելու մասին,– ասել է Մ.Մայիլյանը:– Հրադադարի տարիների ընթացքում հակամարտող կողմերը ձեռք բերեցին նոր հնարավորություններ, և պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանում անվտանգ վայրեր չեն լինի»:
ArmAr.am












