Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները «ջերմացնելով» չի դադարում հակահայկական քայլեր իրականացնել
Թուրքիայում գործող «Անհիմն հայկական փաստերի դեմ պայքարի հասարակության» նախագահ Գյոքսել Գյուլբեյը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` Խոջալուում «ցեղասպանության» կազմակերպման մեղադրանքով:
1998թ. մարտին Հեյդար Ալիևը ստորագրեց «ադրբեջանցիների ցեղասպանության մասին» հրամանագիրը, որով հայերը մեղադրվում էին «Խոջալուում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն» իրականացնելու մեջ: Հայաստանում ոչ ոք ուշադրության չարժանացրեց այդ իրադարձությունը, մինչդեռ այս գաղափարը, հետագայում զարգանալով, վերածվեց Հայաստանին մեղադրելու գլխավոր փաստարկի և ադրբեջանցիների միավորման գաղափարախոսության: Սկսվեց բազմաթիվ գրքերի, բրոշյուրների, հոդվածների հրատարակումը Ադրբեջանում և բոլոր այն երկրներում, որտեղ կային ադրբեջանական դեսպանատներ: Մարտի 31-ը Ադրբեջանում սկսվեց նշվել որպես «ադրբեջանցիների ցեղասպանության օր», որի իրականացման համար պաշտոնապես մեղադրվում են հայերը: Բացվեցին այդ տարեդարձին նվիրված հուշարձաններ, պարբերաբար կազմակերպվում են միջազգային և տեղական գիտաժողովներ:
Եթե «ադրբեջանցիների ցեղասպանությունը» դիտենք քարոզչության տեսանկյունից, կարևոր չէ` եղե՞լ է այն, թե՞ ոչ. կարևորն այն է, որ նրանց հաջողվի մարդկանց համոզել այդ հարցում, իսկ համոզելու համար պարտադիր չէ իրական փաստերի առկայությունը: Մենք գիտակցում ենք, որ Խոջալուում «ցեղասպանություն» չի եղել, իսկ ու՞մ է պետք մեր համոզվածությունը, եթե Ադրբեջանը բարեհաջող կերպով ողջ աշխարհին հավաստիացնում է, թե հայերը իրականացրել են «ցեղասպանություն»:
Եթե ժամանակի ընթացքում հակաքարոզչական քայլերով չկանգնեցվի «ադրբեջանական ցեղասպանության» գաղափարի տարածումը, այն աստիճանաբար կվերածվի է Հայաստանին ճնշելու լծակի: «Հիմար ադրբեջանցիների քաղաքականություն», «սուտ քարոզչություն», «հերթական ստեր» և այլ նմանատիպ ձևակերպումները, որոնք գերակշռում են Ադրբեջանի քարոզչության մասին հայկական նյութերում, միայն բթացնում են հայ հանրության զգոնությունը ադրբեջանական բավականին գրագետ տեղեկատվական քաղաքականության նկատմամբ[1]:
Հայտնի է, որ մինչ օրս Հայոց Ցեղասպանությունը չճանաչած և նույնիսկ հայերին թուրքերի «ցեղասպանության» մեջ մեղադրող Թուրքիայի հետ Ս. Սարգսյանի` հարաբերությունների ջերմացման քաղաքական կուրսը հանգեցրեց աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչման դանդաղեցմանը կամ դադարեցմանը, ինչի լավագույն ապացույցը եղավ ԱՄՆ նախագահի ելույթը Ապրիլի 24-ի կապակցությամբ:
Թուրքիայի պես խիստ վերահսկվող երկրում քիչ հավանական է, որ Գ. Գյուլբեյը կարողանար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հայց ներկայացրել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` առանց իշխանությունների աջակցության կամ թույատրման: Իսկ ինչո՞ւ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները «ջերմացնելով» չի դադարում հակահայկական քայլեր իրականացնել:
Ապագայում դեպքերի նման զարգացման դեպքում զարմանալի չի լինի, եթե Ադրբեջանի որոշ դաշնակից երկրներ ընդունեն «ադրբեջանցիների ցեղասպանությունը», միջազգային հանրությունը հանդես գա Հայաստանին դատապարտող հայտարարություններով կամ էլ Հայաստանից զիջումներ պահանջվի ինչ-ինչ հարցերում` X պետության կողմից «Խոջալուի ցեղասպանության» չճանաչման դիմաց:
Վահրամ Միրաքյան
[1]Բացի այդ, մեզանում նկատվում է հայկական լրատվական դաշտում ադրբեջանական քարոզչությունը մերկացնելու միտում, ինչը հիմնականում անիմաստ է (ադրբեջանական քարոզչության բացահայտումը տեղական լայն հանրությանը կարևոր է միայն այն դեպքում, եթե քարոզչությունը նախատեսված է հայկական լսարանի համար):
Թեգեր` ադրբեջանական կեղծիք, Խոջալու












