Անդրեյ Նեստերենկո .«Ղարաբաղյան կարգավորումը չպետք է գերի դառնա հայ-թուրքական գործընթացին»
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Նեստերենկոն նշել է, որ համանախագահի փոփոխությունը պայմանավորված է Յուրի Մերզլյակովի դիվանագիտական նոր պաշտոնի նշանակմամբ։ Ապա հույս է հայտնել, որ ռուս նոր համանախագահն իր պարտականությունների իրագործման ժամանակ պակաս ակտիվություն չի ցուցաբերի։ «Կուզեի ավելացնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը Մինսկի խմբում չի որոշվում ներկայացուցիչների կողմից։ Այն որոշվում է նախագահի եւ իրականացվում արտաքին գերատեսչության կողմից»,- ասել է Նեստերենկոն։
Նեստերենկոն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների հետ. «Մենք հասկանում ենք, որ այդ երկու գործընթացները չեն կարող չազդել միմյանց վրա։ Միեւնույն ժամանակ հավատարիմ ենք մեր սկզբունքներին, որ երկու խնդիրներն էլ փոխարդյունավետ լուծվեն։ Հակառակ դեպքում երկու հարցերի սառեցման վտանգ ի հայտ կգա»,- նշել է Նեստերենկոն։ Նրա կարծիքով, պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ԼՂ կարգավորումը գերի չընկնի հայ-թուրքական գործընթացին։
ArmAr.am
Թեգեր` Անդրեյ Նեստերենկո, ԵԱՀԿ Մինսկի խումբ, հայ-թուրքական գործընթաց, Ղարաբաղյան կարգավորում, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակով












