Երկրի աղը

Այսօր դարձյալ գերտերությունների քաղաքական-առևտրի սեղանին դրված է արցախյան հիմնախնդրը հապշտապ լուծելու պարտադրանքը:Մադրիդյան «հնացած» ու «նորացված» սկզբունքների շրջանակներում մեզ դարձյալ պարտադրում են գնալ զիջումների. հայի հայրենիքի մասերը աճուրդի են հանել ու անունը դրել փոխզիջում… Հզորների` քաղաքական, տնտեսական շահերով պայմանավորված մի անընկալելի, անբարո առևտուր… ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում բանասիրական գիտությունների թեկնածու Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ «Երկրի աղը» հոդվածը. այն գրվել է դեռ 1992-ին, բայց, դեռ 20 տարի առաջ հեղինակի կողմից հնչեցրած մտահոգություններն ու անհանգստությունները այսօր դարձյալ նույնն են ու խիստ համահունչ մեր օրերին: Հոդվածը երկու տասնամյակների հեռվից կրկին խորհելու, մտորելու առիթ է տալիս, քանզի այսօր ևս ազգովի կանգնած ենք մեր «ունեցածը չկորցնելու վճռականության» ու դժվարությունները «հաղթահարելու համար հավաքական կամք, միատեղ պայքար դրսևորելու անհրաժեշտության առաջ»:
* * *
88-ի երկրաշարժին հաջորդած դժոխային օրերին Սպիտակի շրջանի ավերակված գյուղերից մեկում ականատես եղա հայոց Ոգու մի անօրինակ դրսևորման, որը հիշելու համար միայն արժե նորից ծնվել: Բոլոր հարազատներին կորցրած տարեց մի շինական իր փլված տան առաջ, վշտից անկենդան հայացքով, ժամերով անշարժ նստած` նայում էր անորոշ ուղղությամբ. կենդանության ոչ մի նշան` քարե արձան:
Երբ այգում դրված վառարանից ծուխ դուրս եկավ ու պարուրեց իրեն, ցնցվեց, կարծես կյանք մտավ մեջը, հերթով նայեց բոլորիս, ապա` օգնության եկած ռուս զինվորներին ու ծնկերը շփելով կանգնեց: Հետո գնաց, մի կիսաքանդ շինվածքից աղացած միս բերեց ու լուռ սկսեց կոտլետ պատրաստել: Երբ փորձեցինք չթողնել, ասաց. «Ձեր համար չեմ անում, սրանց համար եմ անում, որ իրենք էլ, Գորբաչովն էլ իմանան, տունս քանդվեց, բայց օջախս կա, հյուրասիրում եմ»: Էլ չխոսեց, լուռ էինք նաև մենք. լուռ էին այդ փոքր ազգի այդ հավաքական իմաստության առջև:
Այդ նույն ժամանակ էր, որ իր տարածքի մեկ երրորդով` ավերակներով և իր ամբողջ տարածքով վշտով ծածակված Հայաստանը, տնքում էր անասելի ծանրությունից, բայց դիմացավ` շնորհիվ ժողովրդի անօրինակ տոկունության. Ոգին էր արթուն…
Աշխարհին թվաց , թե երկրաշարժը վերաջակետեց Արցախյան ազատամարտը, քանի որ ընդունված ու հայտնի մարդկային բոլոր օրենքներով ու չափանիշներով, նման չարիքի զոհ դարձած ժողովուրդը պիտի որ դագաղ փակելուց հետո չկարողանար իր վիշտը դարձներ ազատության համար պայքարի նոր խթան: Բայց այդպես չեղավ, այդպես չէր կարող լինել: Ազատամարտիկները մերկ ինքնաձիգներով կանգնեցին տանկերի դիմաց` խառնելով պատերազմի տեսության բոլոր օրենքները:
Ի հեճուկս բոլոր սղալած քարոզների ու քարոզիչների, նրանք այսօր էլ շարունակում են Հայրենիքի կռիվը, որովհետև, ի տարբերություն առաջինների, նրանց առաջնորդում է ոչ թե գոնե էլի մի քիչ և ապահով վայելքի ժամանակավոր կիրքը, այլ սերնդաշար երակներով իրենց հասած արյան խորհուրդը: Եվ Ոգին է, որ լցնում է զենքի պակասը, թիկունքը դարձնում թշնամուն անտես ու հաղթանակը` անպայման: Ոգու բաղադրությունն էր, որ եռաթև նետի ծայրին հասավ մինչև Նժդեհ ու նրա իմաստությամբ լուսավորված` Սյունիքը փրկեց թլպատումից:
Ոգին մշտապես եղել է մեր հաղթաթուղթը: Դարերով գոյատևել են կռվելով ու կառուցելով: Մեր փոքրաթիվ ժողովրդի գիտակցության ու հոգեբանության մեջ, որ կարողացել է պատմականերորն գոյատևել, երբ չքացել են շատ ուրիշներ, դարերի ընթացքում արմատացել է իրական հպարտության մի արժանապատիվ զգացում, ձևավորվել է հայի ոգին, որն ինքնավստահ է ու ինքնազոհ, մաքուր է ու առնական: Եվ ունեցածը չկորցնելու վճռականությունը դրա առանցքն է, որովհետև մեր աշխարհագրական բախտի չբերումով, մեր «սիրելի» ու «խաղաղասեր» հարևանների գոյությամբ, մեզ մշտապես ուղեկցել է վտանգի իրական զգացողությունը, վտանգն ինքը, որ մշտապես արթուն է պահել ոգին: Սա մեր ազգային տառապանքից ծնված գուցե ամենամեծ նվաճումն է ու սեփականությունը, որ օգնում է դիմայակել բոլոր կարգի դժվարություններին:
Վերջին տարիների քաղաքական անցուդարձերը, բնական ու պետական աղետները մեկ անգամ ևս ապացուցեցին այդ ճշմրտությունը: Հայը, այո’, պատմական առաքելություն ունի, պատմության ու քաղաքակրթության ասպարեզում` սեփական անելիք ու գործ: Ժողովուրդը, եթե ոչ ամբողջովին և եթե ոչ լիովին գիտակցական հիմքով, ունի այդ զգացողությունը: Սա հայ ժողովրդի` պատմությունից ստացած ժառանգությունն է, որ հսկայական միավորիչ ուժ ունի: Հայը որպես երևույթ մեր ժողովրդի աչքում լիցքավորված է պատմական ու բարոյական որոշակի որակներով, միայն հային հատուկ ու բնորոշ գծերով. Դրանք անփոխարինելի են: Թերևս սա է պատճառը, որ մեզանում դժվար է գտնել մեկը, որ կցանկանար, ասենք, այլազգի լինել: Որովհետև հայ չլինելը հայի համար ակամայից նշանակում է այդ որակներից զրկում, որակներ, որոնք ոչ միշտ ու ոչ բոլորի կողմից են հստակ ընկալվում, բայց որոնց գոյությունն իր մեջ հայ մարդը չի կասկածում: Սա ազգային սնապարծություն չէ, սա ազգային` դարերով ձևավորված հոգեբանություն է ու ազգային արժանապատվության գիտակցում: Ես հայ եմ, և դա լավ է, ամենալավն է, ահա Ոգին: Ոգի է և ոչ սնապարծություն, իրական ու արժանապատիվ հպարտություն է, որովհետև չի ժխտում ուրիշին, ընդունում ու հարգում է: Այն չի սահմանափակվում ազգային էգոիզմի շրջանակներում և չի դառնում ազգայնամոլություն և ֆաշիզմ:
Ճիշտ է ասված, որ ինտերնացիոնալիզմի առումով մեզ քիչ մրցակից կգտնվի. այն մեր արյան մեջ է: Ինքնամոռաց նվիրումը ուրիշին , եթե այդ ուրիշը չի ոտնահարում մեր ազգային արժանապատվությունը, ամեն կերպ ու ամեն գնով նրան օգտակար լինելու ցանկությունը մեր ժողովրդի բնորոշ գծերն են: Եվ եթե բնական են համարվում ուրիշի հանդեպ հարգանքն ու նվիրվածությունը, նույնքան բնական պիտի դիտվեն մեր ազգային հոգեբանությունն ու միայն մեզ բնորոշ որակներով հպարտանալու իրավունքը: Պատմականորեն մենք այսպես ենք ձևավորվել. Հայ ոգին եզակի է ու անփոխարինելի. Այն պիտի արթուն պահել միշտ, որովհետև նա է մեր գոյության իրական երաշխիքը: Երաշխիքը նաև մեր հարցերի հարցի` միասնության:
Պատահական չէ, որ հայ դատի մասին խոսելիս բոլորը ուղղակի կամ անուղղակի շեշտում են նրա միավորիչ նշանակությունը: Այն ազգի Ոգին մշտապես արթուն պահելու կարևորագույն գործոններից է, որովհետև միավորում է բոլորիս հայ դատի թեկուզ հեռավոր, բայց իրական, համազգային գաղափարի շուրջ, հուշում ազգային զարգացման ծրագիր ու համատեղ իրականացման նվիրում: Մինչ վերջերս, մինչև մերօրյա «քաղաքագետ» որոշ այրերի հանդես գալը ու նրանց` ասպարեզ նետած «ազգափրկիչ» կոնցեպցիաների «շրջանառությունը», մեզանում դժվար թե գտնվեր մեկը, որ հայ դատը չդիտեր այս տեսանկյունից, չգիտակցեր սփյուռքը ուծացման վտանգից փրկելու և ամենայն հայոց հավաքականությունն ապահովող այդ գաղափարի անհրաժեշտությունն ու անպայմանությունը:
Ազգային Ոգին յուրաքանչյուր ազգային պետության քաղաքականության իրականացման հզոր լծակներից մեկն է, իսկ նրա արթնացումը, համախմբումն ու բարձրացումը` պետական քարոզչության ամենամեծ նպատակը: Բոլոր ժամանակներում տիրակալներն ու նվաճողները հպատակների ոգին բարձրացնելով է, որ լուծել են համապետական նշանակության հարցեր: Հին հունական կայսրերից մինչև Հիտլեր, մինչև մերօրյա պրեզիդենտներ, աշխարհակալական իրենց նպատակները իրականացնելու համար նախ և առաջ բարձացրել են ազգի Ոգին, սերմանել նրա մեջ լավագույն գաղափարը: Ազգային ոգու գոյացման առումով, դրանի տուժել են միայն օտարները. Տվյալ ժողովուրդը շահել է: Պատահական չէ, որ Գերամանիայի նման հզոր երկրի օրհներգը սկսվում է գերմանիայի` ուրիշներից բարձր լինելու իրողությունը հավաստելով: Դա հոգեբանական մեծ նշանակություն ունի: Մարդկության պատմության մեջ միակ իշխանությունը, որ դեմ է գնացել պատմական տրամաբանությանը, անխնա պատերազմ հայտարել սեփական ժողովրդին ու ոչնչացրել նրան, բոլշևիկ մարդակերների իշխանությունն է: Նրանք ոչ միայն խորտակեցին Ոգին, այլև փորձեցին դրա փոխարեն պատվաստել վաղ գարնանը արոտ քշվող նախրի խանդավառ բնազդներ: Ոգին ընբոստ է, ազատասեր և ինքնատիպ, հետևաբար, բոլշևիզմը պիտի ձգտեր ոչնչացնել այն:
Մեր նպատակները սակայն , հարձակողական և նվաճողական չեն, մեր նպատակները ինքնապաշտապանական են ու ազգապահպան: Եթե մեծաթիվ ազգերի համար գոյություն չունեն ազգապահպանական հիմնահարցեր, եթե մեծաթիվ ազգերի համար ժամանակակից աշխարհում կարևորը զուտ քաղաքական տնտեսական ու մարդկային ազատությունների, մարդու իրավունքների հետ կապված հարցերն են, ապա մեզ համար վիճակը լրիվ այլ է: Ռուսը, գերմանացին, անգլիացին, ֆրանսիացին, նույն սրբությամբ կարիք չունեն հոգալու իրենց ազգային արժեքների, բարոյականության ու համակեցության ազգային չափանիշների պահպանման մասին, որքան մենք, որովհետև աշխարհաքաղաքական իրենց հարստությամբ ու ընդգրկումով իրենք են այլոց պայմաններ թելադրում: Այս առումով մենք իրենց կապկելու և զուտ միջազգային ընդունված բարոյական չափանիշներին գերվելու իրավունք չունենք: Դա կործանման ճանապարհն է:
Որքան էլ տարօրինակ է, ժողովրդի Ոգին առավելապես լիցքավորվում է ցնցումնային ժամանակահատվածներում, որոնք հաղթահարելու համար հավաքական կամք ու միատեղ պայքար է հարկավոր: Այդպիսի պահերին է, որ կատարվում և իրականացվում է անհնարինը. այդպիսի պահերին է, որ ժողովուրդը ցուցաբերում է գերմարդկային տոկունություն: Հիմա մենք ապրում ենք նման մի ժամանակահատվածում:
Թվում էր, ինչպես ընդունված է ասել երրորդ հանրապետության կայացումով կսկսվի հայ Ոգու բարձրացման մի նոր`պետականորեն երաշխավորված շրջան: Երիցս ճիշտ էին այն քաղաքական գործիչները, որոնք, ըմբռնելով ազգի հոգևոր հսկայական ներուժի նշանակությունը անցումնային շրջանի դժվարությունները հաղթահարելու գործում, ամեն կերպ փորձեցին նոր լիցք հաղորդել նրան, ավելի ոգևորել, համախմբել ժողովրդին, նրան հուշել քաղաքակիրթ աշխարհի ամբողջական գոյացման իր պատմական առաքելությունը:
«Համաշխարհային ազգի» գիտակցության ներակումը, իմ խորին համոզմամբ, այդ գործիչներն իրականացնում էին այդ ըմբռնումով: Անկախ պետության կերտողը արտադրատնտեսական և քաղաքական նոր հարաբերությոնների մեջ մտնող ժողովուրդը, որն անխուսափելիորեն պիտի կանգներ մեծ ու անծանոթ դժվարություններ հաղթահարելու անհրաժեշտության առաջ` թիկունքում ունենալով երկրաշարժի ավերածությունն ու իր վզին փաթաթած պատերազմը, պիտի ունենար իր ներսում առկա Ոգու մի նոր պոռթկում: Աշխարհին թերևս դա պետք չէր, այն համաշխարհային տարողության որևէ խնդիր չէր կարգավորելու: Այն հարկավոր էր մեզ` համազգային նպատակի իրականացման համար վստահորեն առաջ քայլելու և ազգային նկարագիրը չկորցնելու պարտադրանքով: Սակայն այդ գործիչներն այս կամ այն պատճառով հեռացվեցին ասպարեզից: Պետական քարոզչական մեքենան աստիճանաբար սկսեց ժողովրդի մեջ ներակել «շարքային ազգի» գաղափարը, որն իր հեռահար նպատակներն իրականցնելու ոչ կարողություն ունի, ոչ հնարավորություն: Կամա –ակամա նման քարոզչությունը ժողովրդինն անջրպետում է իր պատմությունից, հեռացնում պատմական բարոյական ժառանգությունից: Բայց առավել աղետալի է, որ այն պետական քաղաքականության անմիջական արտահայտությունն է, քաղաքականություն, որը տևական լինելու դեպքում կխորտակի ժողովրդի Ոգին: Պատահականությո՞ւն է սա արդյոք, քաղաքական կարճատեսության արդյո՞ւնք: Եթե նույնիսկ այդպես է, դարձյալ ոչինչ չի փոխվում , որովհետև արդյունքն ու հետևանքը նույնն են:
Մեր բոլոր դժվարությունների, սոցիալ-տնտեսական սոսկալի ճգնաժամի, քաղաքական վերուվարումների պատճառն այսօր ներկայացվում է Արցախի Ազատամարտը: Եթե Արցախը համակերպվի Ադրբեջանի կազմում «հանգիստ» ու «ապահով» ապրելու մտքի հետը, եթե ինչպես վերջերս ոմանք են գրում, անիմաստ պատերազմը դադարեցվի, Հայաստանի շրջափակումը կվերացվի, երկաթուղիները կսկսեն գործել, բերքն ու բարիքը շուրջօրյա երթևեկությամբ կլցվեն Հայաստան և մենք ուրախ ու զվարթ, անհոգ կապրենք մեր անկախ Հայաստանում, որի անկախությունն արդեն ճանչել են աշխարհի հարյուր քանի երկիր և այլն, և այլն….
Բարեկեցության մի հեռանկարը, որը չընդունողը և որին չձգտողը առնվազն հիմար պիտի լինի, եթե դա ճիշտ լինի: Արցախը թուրքիան հանձնելը, ինչպիսի անունով էլ կոչվի, լինի դա «կուլտուրական» ինքնավարություն, թե «ամենաքաղաքակիրթ երկրում աշխարհի ամենաանկախ պետության գոյություն», լինելու է քաղաքական իդեոտիզմ, իսկ բարոյական առումով` ինքնաոչնչացում:
Այսրկովկասում ծավալված տարածքային-քաղաքական գործընթացները ենթադրում են անպայման ավարտ. Արցախի պայքարը այդ շղթայի օղակներից մեկն է, և պատմական տրամաբանությանը դեմ գնալը, զենքը դեն նետելը, ձեռքերը վեր պարզած հարևանին «հյուր» գնալը անպատվություն է նախ և առաջ Ոգու հասցեին, որը չի ներելու դա: Դժվարությունները, այո, ժամանակավոր են, որովհետև ժամանակը հարատև է, բայց առավել տևական է Ոգին. Այն չի հանդուրժում տարածություն ամփոփող գանգերի անընդհատ զանգահարություն` որ դիրքերից էլ այն հնչի:
Մեր Ոգին հանգրավանել է Ավարայրում, լեռնաձիգ շառաչել ամենուր, տառաձև մտել է մեր էության մեջ ու կլինի և մեզնից հետո: Թուղթը չապականելու համար որոշ ազգանուներ չեմ հիշատակում, բայց դրանք կրող բարեբախտաբար, սակավ տարաբախտներ պիտի իմանան, Արցախ-Ոգու դեմ նետած քարի հետադարձ հասցեն, որ իր թշվառ վերուվարումների մեջ մշտապես մտնում է ցեխի մեջ` դիրքեր փորելիս հողից դուրս սողացող որդի օգտակարությամբ:
Հասարակության հուսախաբությունն այսօր ակնբախ է, աղետալին նրա բարոյալքումն է, որ տեղի է ունենում ազգային արժեքների և համակեցության ավանդական չափանիշների նպատակային փլուզման հետևանքով: Երբ է հայ երիտասարդին բնորոշ եղել ծամոն խոշտանգող ծնոտը, որն իր ահագնացող չխկչխկոցով փորձում է խլացնել նույնիսկ զորակոչը: Իշխանությունները ոչ միայն չեն փորձում կանխել այս աղետը, այլև ազգաղետ այս գործընթացի դեմ հանդիման` չեն խուսափում «նվաճումներից» ու «ձեռքբերումներից» խոսելուց: Չհամաձայնենք այն կարծիքին, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ազատամարտը որպես մեր բարեկեցության միակ խոչընդոտ ներկայացնելու և մեզ դրանում համոզելու համար դիտավորյալ խորացնում են սոցիալ-տնտեսական ճգնաժամը, տիրող քաոսն ու անտերությունը:
Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո հայ ժողովուրդը կդադարի ժողովուրդ լինելուց, կխորտակվի նրա ոգին և այլևս ամեն ինչ կդառնա անիմաստ, միևնույն: Սա է աղետը, որ չտեսնելու և առաջը չառնելու իրավունք չունենք: Արցախահայությունը ոտքի է ելել պաշտապանելու իր իրավունքը , իր հայրենիքը, ոչ ուրիշինը նվաճելու, ելել է այսօր արդեն նրան հակառակում համոզել փորձող ղեկավարների կոչերով ու կռվում է: Մի պահ իրականացած տեսնենք վերահիշյալ ազգակործան ելքը, մի պահ կարողանանք ընդունել ու չխելագարվել Արցախը կամովին թուրքին հոշոտման հանձնելու փաստից: Ի՞նչ կլինի ժողովրդի հետ, հուսալքության ո՞ր խորխորատում կանէանա նրա ոգին: Կլինի սեփական ուժերի նկատմամբ հավատի վերջնական կորուստ ու արժանապատվությունը գրպանը կոխած ճաշ ուտող ճորտի զգացողություն` ընդմիշտ: Սա արդեն իրական ելք է: Իսկ քաղաքագետ այրերը ինչպե՞ս են նայելու Ազատամարտիկների աչքերին, ի՞նչ են պատասխանելու զոհվածների մայրերին, երբ նրանք հարցնելու լինեն` հանուն ինչի՞ …:
Բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս, դոցենտ` Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ArmAr.am












