«Թուրքիան փորձում է ռասիզմի էլեմենտներ մտցնել իր քաղաքականության մեջ»
Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը վերջերս հանդես էր եկել հերթական հայտարարությամբ. այս անգամ նա որոշել էր Թուրքիայից արտաքսել Թուրքիայում գտնվող հայերին։
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այդօրինակ հայտարարությանը ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մինչև 1915թ. Օսմանյան Կայսրությունում 2 մլն – ից ավելի հայեր էին ապրում, ներկայիս Թուրքիայում, բնականաբար, հայերի թիվը շատ ավելի փոքր է։ «Դա արդյունք է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության և բռնի տեղահանման քաղաքականության շարունակությանը։ Այն հանգամանքը, որ ներկայիս Թուրքիայի իշխանությունները կրկին անգամ շարունակում են խոսել հայերի տեղահանումների մասին, վկայում է, որ ժամանակակից Թուրքիան, ըստ էության, չի տարբերվում Ցեղասպանություն իրականացրած Օսմանյան կայսրության իշխանություններից և փորձում է ռասիզմի էլեմենտներ մտցնել իր քաղաքականության մեջ։ Կարծում եմ, որ նման մոտեցումը դրական արձագանք չի կարող ունենալ, և միջազգային հանրության կողմից չի կարող համարժեք գնահատվել»,- ասաց Ա. Զաքարյանը։
Պատգամավորը նաև անդրադաձ կատարեց նախօրեին Անգլիայում Էրդողանի կողմից արված մեկ այլ հայտարարությանը, որով Թուրքիայի վարչապետը կոչ էր արել հայամետ պետություններին զգուշանալ հայկական Սփյուռքից։ Այսինքն՝ Էրդողանը դրանով բացահայտ փաստել էր այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության ընդունման ճանապարհին Թուրքիայի համար թիվ մեկ «վտանգ» են հանդիսանում Ցեղասպանություն ապրած հայերի ժառանգները կամ՝ Հայկական Սփյուռքը։ «Սփյուռքն՝ իր գոյության ամողջ ընթացքում, այսօր էլ, միջազգային հանրությունից, և իրենց բնակության երկրների իշխանություններից արդարացիորեն պահանջում է ճանաչել և դատապարտել մարդկության դեմ իրագործված ոճիրը՝ Ցեղասպանությունը։ Միայն դրա դատապարտումը հնարավորություն կընձեռի, որպեսզի հետագայում նմանատիպ հանցագործությունները կանխվեն, որ ցեղասպանության կամ բռնի տեղահանումների միջոցով հարցեր լուծելու պրակտիկան մարդկության պատմության մեջ ապագայում շարունակություն չգտնի»։
ArmAr.am












