Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ժառանգություն» խմբակցությունը հարցապնդում է ուղարկել ՀՀ կառավարություն

Մարտ 17, 2010թ. 16:20

«Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ վարչապետին ու կառավարությանն է հարցապնդում է ուղարկել աղետի գոտում ՀՀ Կառավարության բնակարանշինության ծրագրի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից դրա իրականացման վերաբերյալ:

Հարցապնդման մեջ «Ժառանգությունը» նշում է, որ միայն Գյումրիում անօթեւան է եւ մինչ օրս տնակներում է բնակվում ավելի քան 4100 ընտանիք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը պետությունից միջոցներ է ստացել 1320 նոր բնակարաններ շահագործելու համար, սակայն «ակնհայտ է աղետի գոտու վերականգնման 2009թ. ծրագրի թերակատարման, ձախողման ու տապալման փաստը, ինչպես նաեւ’ առկա բնակարանաշինության կասկածելի որակը»:

«Ժառանգությունն» իր հարցապնդման մեջ շարադրել է հետեւյալ հարցադրումները.

Որքա՞ն բնակարաններ են հանձնվել շահագործման 2009-ի վերջի եւ այս պահի դրությամբ, որքա՞ն բյուջետային եւ արտաքին վարկային միջոցներ են տրամադրվել «Գլենդել Հիլզ»-ին վերոհիշյալ պետական ծրագրերի շրջանակներում 2009-ի դեկտեմբերի 31-ի եւ այս պահի դրությամբ:

Արդյո՞ք Կառավարությունը որոշում է կայացրել եւ ստեղծել (կազմել) հանձնաժողով` կառավարության լիազոր մարմնի, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Արդյո՞ք «Գլենդել Հիլզ»-ը Կառավարությանը կամ լիազոր մարմնին ներկայացրել է 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանքների կատարողական եւ ֆինանսական հաշվետվությունները: Եթե այդպիսիք առկա են, ապա խնդրում ենք տրամադրել կրկնօրինակները կամ պատճենները:

Ինչո՞վ է պայմանավորված 2009-ի շինարարական ծավալներն ավարտելուց երկու ամիս առաջ «Գլենդել Հիլզ»-ի եւ ՀՀ կառավարության «համատեղ» որոշումը (ըստ 04.11.2009թ. «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից տարածած հայտարարության), առ այն, որ բնակարանաշինության այս տարվա (2009թ.) ծրագրերում ընդգրկվեն նաեւ երեք սենյականոց բնակարանների կառուցումը: Արդյո՞ք Կառավարությունը ուսումնասիրել է աղետի գոտում 1, 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների պահանջարկը, եւ ինչու՞ ի սկզբանե այն հաշվի չի առնվել’ բնակարանաշինության ծրագրերը կազմելիս:

Մինչեւ օրս ինչպիսի՞ եւ ի՞նչ ծավալով խախտումներ ու թերացումներ են արձանագրվել սույն ծրագրի շրջանակներում: Ովքե՞ր են ենթարկվել պատասխանատվության թերացումների համար: Որքա՞ն բնակարաններ շահագործման կհանձվեն 2010-ի գարնանը”:

ԱԺ կանոնակարգի համաձայն’ հարցապնդումը ստանալուց հետո 20 օրվա ընթացքում Կառավարությունը պետք է գրավոր պատասխան ուղարկի «Ժառանգությանը», որից հետո ԱԺ նիստում կհնչեցվեն հարցապնդումն ու Կառավարության պատասխանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն