Ի՞նչ են ապացուցում Թուրքիայի վարչապետի նյարդային հայտարարությունները
«Ուզում եմ կոչ անել Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ իջնել երկնքից։ ԼՂՀ ապագա կարգավիճակը չի կարող ցածր լինել ներկայիս վիճակից»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին հայտարարությունների:
Ինչպես նկատում է Շարմազանովը, եթե Բաքուն ցանկանում է կարգավորել խնդիրը, ապա Ադրբեջանը նախևառաջ պետք է հանի իր զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից եւ այնտեղ տեղավորի հայ փախստականներին։
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ իր երկրում բնակվող հայերին վտարելու մասին հնչեցրած սպառնալիքներին, Շարմազանովը նկատում, թե Թուրքիայի վարչապետի նյարդային հայտարարությունները դարձյալ ապացուցում են, որ այդ երկիրը չի կարողանում իր մեջ ուժ գտնել և շիտակ նայել իր պատմությանն ու փորձել ճանաչել այն։
«Որքան շատ երկրներ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնքան հայկական գործոնը նրա աչքում զգալի է դառնում։ Սկզբում Էրդողանը խոսում էր Թուրքիայում բնակվող 5000 հայերի մասին, հետո այդ թիվը դարձավ 70000, այժմ խոսում է 100000-ի մասին։ Անկարան պետք է հասկանա, որ Երեւանի հետ չի կարելի վերջնագրի լեզվով խոսել։ Անիմաստ խոսակցություններով տարվելու փոխարեն Անկարան լավ կաներ զբաղվեր արձանագրությունների վավերացմամբ»,- ասել է Շարմազանովը։
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Գետաշեն, Էլմար Մամեդյարով, Էրդողան, Հայոց Ցեղասպանություն, Ղարաբաղյան հակամարտություն, Մարտունաշեն, Շահումյան












