Հայաստանն ու Ռուսաստանը համաշխարհային նոր մարտահրավերներին կդիմակայեն միասին
Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն:
Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ
Նկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի հերթական այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց:
«Վստահ եմ` նոր մարտահրավերների պատճառով առաջացող խնդիրները կլուծենք միասին»,-ասել է Նիկոլայ Պատրուշեւը: Նրա գնահատմամբ` Արթուր Բաղդասարյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության օրակարգում առկա բոլոր խնդիրները համակարգված լուծվեն:
Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ռուս գործընկերների հետ շատ արդյունավետ կոնսուլտացիաներ են եղել: Կողմերը, որպես ռազմավարական գործընկերներ, կարողացել են առկա բոլոր խնդիրների լուծումները գտնել:
«Մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով: Կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կոնկրետ ուղղություններով կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք այս այցից, ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունելությունից»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:
ArmAr.am












