Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

«Թուրքիայի համար ուսանելի է Գերմանիայի օրինակը»

Սեպտեմբեր 22, 2009թ. 12:59

SanArevshatyan2-3Հարցազրույց ակադեմիկոս ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ հետ

Ձեր կարծիքով, երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրված արձանագրություններն ի՞նչ մտահոգիչ կետեր  ունեն, որոնք հետագայում կարող են մեզ համար խոչընդոտներ առաջացնել:

– Նախաստորագրված արձանագրությունը, որ ներկայացված է հասարակական-քաղաքական քննարկման, իր ծալքերում, այո, ունի թաքնված վտանգներ: Մենք ծանոթ ենք թուրքական դիվանագիտությանը: Մենք պետք է  պարզենք, թե արձանագրություններում տեղ գտած «կլոր» արտահայտություններում չկա՞ն  այնպիսի կետեր, որոնք ապագայում կարող են վտանգ ներկայացնել: Գաղտնիք չէ, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նաև Թուրքիայի օգտին է:  Թուրքիան  այսօր մեղադրվում է  հայերի  Եղեռնը կազմակերպելու, իրականացնելու, հայ ժողովրդին իր պատմական հողում կոտորելու  և իր հայրենիքից արտաքսելու համար, և  եկել է գործած մեղքերից ազատվելու ժամանակը: Ճանաչելով Հայոց Մեծ Եղեռնը` Թուրքիան  միջազգային հանրությանը կարող է ապացուցել, որ այժմյան Թուրքիան Աբդուլ Համիդի Թուրքիան չէ: Գերմանիայի օրինակը, որը Թուրքիայի դաշնակից պետություններից է,   վերջինիս համար ուսանելի օրինակ կարող է լինել:

–        Չե՞ք կարծում, որ արձանագրություններում անուղղակիորեն առկա է արցախյան հիմնախնդիրը:

– Թուրքիան իրավունք չունի միջամտել Արցախի հարցի կարգավորմանն առնչվող խնդիրներին և այն օգտագործել որպես նախապայման: Դա նշանակում է միջամտություն երրորդ պետության գործերին: Ուստի, Թուրքիան իրավասու չէ խառնվել այդ հարցերին:

–        Արձանագրության մեջ չի հիշատակվում Հայոց Ցեղասպանության մասին, սակայն ասվում է, որ պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այս հարցում:

–        Դա այն նախապայմանն է, որ թուրքերն արդեն առաջադրել են: Հայոց Մեծ Եղեռնի մասին գիտեն աշխարհի բոլոր պետությունների գիտնականները: Այն այլևս ուսումնասիրության կարիք չունի: Դա փաստ է, տխուր փաստ, որը Թուրքիան պետք է ընդունի: Թուրքերը վերջերս խոսում են թուրքական արխիվները բացելու մասին: Չնայած նրանք արխիվները զտելու սովորություն ունեն, բայց դրանց զգալի մասը, բարեբախտաբար, հրատարակված են` դատավարությունների արձանագրություններ, մահապատիժների դատավճիռներ, որոնք  հաստատում են Հայոց Ցեղասպանության իրողությունը: Այսինքն,  դա միջազգային հանրության համար վաղուց ապացուցված փաստ է: Ուստի, պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հարցն ուղղակի անիմաստ է:

–         Այսօր  հարավկովկասյան տարածաշրջանը գտնվում է էական  փոփոխությունների փուլում: Ո՞ր չափով դրանք կարող են նպաստավոր լինել Հայաստանի համար:

–        Իրողությունն այն է, որ  Հարավային Կովկասը գտնվում է գերտերությունների շահերի ոլորտում: Նրանք այդ մասին բացահայտ չեն ասում, բայց այն ճնշումները, որ գործադրվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի կողմից,  ցույց են տալիս, թե որտեղ են շահերը համընկնում և որտեղ  բախվում: «Նաբուկո» գազատարի հարցն է առաջ եկել, որով գազը Միջին Ասիայից և Ադրբեջանից պետք է հասցվի Եվրոպա: Թե այն ո՞ր ճանապարհով պետք է անցնի, դա է հիմական հարցադրումը: Ներկայում Վրաստանը դարձել է անկառավարելի և անվերահսկելի երկիր: Ուստի քննարկվում է «Նաբուկոն» Ադրբեջանով, Լեռնային Ղարաբաղով, Հայաստանով, Թուրքիայով  դեպի Եվրոպա անցկացնելու տարբերակը: Այսինքն, առաջացել է գերտերությունների շահերի հարցը: Այսպիսով, տնտեսական և քաղաքական հարցերը պայմանավորված են մեկը մյուսով: Ահա թե ինչու, մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ու մեր քայլերն անենք` ելնելով մեր իսկ շահերից:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ


Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`