Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Սարգսյան նշել է, թե պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը` նպաստելով դրա արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ՎԶԵԲ-ի տեսլականը օգտակար կարող է լինել Հայաստանի համար: Անդրադառնալով ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը` ՎԶԵԲ-ի նախագահը նշել է, որ անցած տարի կառույցը զգալիորեն մեծացրել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը եւ այսուհետ եւս կշարունակի պահպանել դրա բարձր մակարդակը:
Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության ուղղությունները եւ իրականացված ծրագրերը` ենթակառուցվածքների զարգացման, փոքր եւ միջին ձեռնարկատերերի օժանդակության ուղղությամբ, ինչպես նաեւ օպերատիվ շտաբի գործունեությունը:
Թոմաս Միրոուն բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացված մակրոտնտեսական քաղաքականությունը: Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Կարեւորելով տարածքների համաչափ զարգացումը` կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է գյուղատնտեսության արդիականացումը եւ գյուղատնտեսության զարգացման մոդելի մշակումը: Ի թիվս առաջնային ծրագրերի կարեւորվել են Զվարթնոց օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու գյուղմթերքների արտահանման մեծածախ շուկայի ձեւավորումը:
Անդրադառնալով միջնաժամկետ առաջնահերթություններին` զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի մասնակցությամբ էներգետիկ եւ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունից: Մասնավորապես կարեւորվել է ՓՄՁ աջակցության մեխանիզմների ձեւավորումը եւ ընդլայնումը:
ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն












