Լեհաստանի հետ համագործակցությունը շանս է Հայաստանի համար
Հայաստանը հիանալի հնարավորություն է ստացել զարգացնելու իր հարաբերությունները Լեհաստանի` Եվրոպայի «տնտեսական վագրի» հետ: Լեհաստանն իր տնտեսությամբ զբաղեցնում է Եվրոպայում 6-րդ, իսկ աշխարհում՝ 20-րդ տեղը: 2009թ. վերջին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 686 մլրդ դոլար: 2009թ. Լեհաստանը եղել է Եվրոպայում ամենաարագ զարգացող երկիրը: Լեհաստանը Եվրամիության այն եզակի երկրներից է, որն արձանագրել է տնտեսական աճ: 3-րդ եռամսյակի վերջին Լեհաստանի ՀՆԱ-ն աճել է 1,7 տոկոսով, սակայն եվրատարածքում իջել է 4,1 տոկոսով, իսկ ողջ Եվրամիությունում` 4,3 տոկոսով:
Լեհաստանը ԵՄ-ում ունի ամենադինամիկ զարգացող տնտեսությունը: Լեհական ձեռնարկությունները դասվում են Եվրոպայում ամենախոշոր ձեռնարկությունների շարքին` PKN Orlen, Grupa Lotos եւ PGNiG, պղնձի արտադրություն՝ KGHM, Telekomunikacja Polska:
Լեհաստանում են գտնվում Volkswagen, Fiat եւ Opel մակնիշի մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների արտադրամասերը: 2009թ. Առաջին կիսամյակում արտադրվել է 406,5 հազար մարդատար եւ 30,3 հազար բեռնատար ավտոմեքենա: Արտադրանքի մոտ 97 տոկոսն արտահանվում է: Լեհաստանը աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը` կահույքի արտահանմամբ եւ 10-րդ տեղը` կահույքի արտադրությամբ: Ինֆլյացիան 2009 թվականին` 2008 թվականի համեմատ, կազմել է ընդամենը 3,5 տոկոս: Գործազրկությունը կազմել է 11,9 տոկոս, շատ ավելի ցածր, քան Լիտվայում /22,9 տոկոս/ եւ Իսպանիայում /18,83 տոկոս/: Միջին աշխատավարձը կազմում է 3325 զլոտի /1067 ԱՄՆ դոլլար/, ինչը մեկ տարում 4,4 տոկոս աճ է գրանցել:
Այսպիսի հզոր տնտեսություն ունեցող երկիրը արդեն բավական երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Հայաստանի հետ: Ակնհայտ է լեհ-հայկական առեւտրային փոխանակումների պարբերական աճը արտահանման եւ ներմուծման բնագավառներում: 2008թ. արձանագրվել է արանքաշրջանառության զգալի աճ, որը կապված էր Հայաստան` լեհական արտադրանքի ներմուծման հետ: Տնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ. առեւտրային շրջանառությունը նվազել է 36 տոկոս: (Ըստ Հայաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների, մեր երկրների միջեւ տնտեսական շրջանառությունը 2009 թ. կազմել է 34,6 մլն դոլար, որից արտահանումը Լեհաստանից Հայաստան կազմել է 33,9 մլն ԱՄՆ դոլար):
Լեհ – հայկական առեւտրային փոխանակման կառուցվածքը շատ տարբեր է: Հայաստանից Լեհաստան է արտահանվում սինթետիկ կաուչուկ եւ երկաթ ու մոլիբդեն: Լեհաստանից Հայաստան է արտահանվում հիմնականում սննդամթերք (այդ թվում քաղցրավենիք), խմիչք եւ ծխախոտ, կահույք, կահույքի մասեր եւ փայտե իրեր, քիմիական ապրանքներ (հիմնականում՝ դեղորայք եւ կոսմետիկա), ինչպես նաեւ սարքավորումներ (սառնախցիկներ, վառարաններ, ջրատաքացուցիչներ, հիդրավլիկ սարքավորանք):
Լեհ –հայկական տնտեսական հարաբերությունները շարունակում են մնալ ոչ այդքան բարձր մակարդակի վրա: Լեհական ձեռնարկությունները հայկական շուկայում հաճախ համագործակցում են հատուկ ներկայացուցիչների հետ, հատկապես կոսմետիկայի եւ կահույքագործության բնագավառում: Լեհական ապրանքների մեծ մասը ներմուծում են անհատները, որոնք անմիջական կապ են հաստատում արտադրողների հետ: Լեհական ապրանքների ներմուծումը Հայաստան պայմանավորված է նաեւ Լեհաստանում հայկական համայնքի առկայությամբ, ով լավ կողմնորոշվում է հայկական շուկայի պահանջարկների մեջ:
Արժե իմանալ, որ 2009 թ. հերթական լեհական ապրանքանշանները հասանելի են հայկական շուկայում, այդ թվում` Hortex հյութեր եւ սառեցված սննդամթերք, Belvedere, Wyborowa եւ Sobieski օղիներ, Mokate սուրճ եւ այլն: Երեւան Սիթի մարկետում բացվել է լեհական Atlantic ապրանքանշանի խանութ:
Լեհաստանն առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ 1992 թվականի փետրվարի 26-ին հաստատեց դիվանագիտական հարաբերություններ: Բազմադարյա ավանդական բարեկամական կապերը լեհերի եւ հայերի միջեւ կարող են նաեւ ներկայումս զարգանալ մեր երկու անկախ պետությունների հարաբերությունների շրջանակներում: Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ բարի դրացիական հարաբերություններին նպաստում է մեր երկու ժողովուրդների քրիստոնեական պատկանելիությունը, պատմական ճակատագրերի նմանությունը եւ XIV դարից Լեհաստանում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Վարչապետ Դոնալդ Տուսկի այցը Հայաստան թույլ կտա ակտիվացնել հայ-լեհական երկկողմ հարաբերությունները, կհաստատի Լեհաստանի աճող դերը Եվրամիության արտաքին քաղաքականության արեւելյան ուղղությամբ, ինչպես նաեւ կնպաստի Հարավային Կովկասում Լեհաստանի հետաքրքրվածության աճին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սառգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հայաստանյան այցի այլ արդյունքներ թույլ են տալիս ենթադրել, որ հայ-լեհական համագործակցությունը նոր թափ է ստացել, ինչը առաջին հերթին կօգնի Հայաստանի տնտեսությանը եւ այդ համագործակցությունից կշահի հենց Հայաստանը:












