Գլխավոր » Լրահոս

Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

Մարտ 19, 2010թ. 17:28

Naira ZohrabyaniԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 19-ին ընդունեց ՙԱրեւելյան գործընկերության՚ ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ խորհրդարանական ռեսուրսներով առաջ մղելու մեխանիզմները, հատուկ անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ՙԵվրանեսթի՚ աշխատանքներին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ՙԵվրանեսթի՚ մեկնարկային նիստը, որը նախատեսված էր Բրյուսելում` մարտի 23-ին, հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին է ուղարկվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ՙԵվրանեսթի՚ կանոնադրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի կանոնադրությունը պետք է հիմնված լինի Արեւելյան գործընկերության չորս թեմատիկ պլատֆորմների եւ գործընկերության օրակարգի վրա, որտեղ հակամարտությունների խնդիր չկա, ուստի, ըստ տիկին Զոհրաբյանի, առնվազն տարակուսելի է, որ ՙԵվրանեսթի՚ կանոնադրության նախագծում, որը ուղարկվել է գործընկեր պետություններին առաջարկներ ներկայացնելու համար, ներառված է հակամարտությունների քննարկման հարցը: Չնայած ՙԵվրանեսթի՚ բանաձեւերը եւ որոշումները իրավական եւ պարտադիր ուժ չեն ունենալու, այդուհանդերձ, հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ հայկական կողմի համար անընդունելի է շեղվելը Արեւելյան գործընկերության թեմատիկ պլատֆորմներից եւ օրակարգից ու ՙԵվրանեսթում՚ այնպիսի խնդիր ներառելը, որը Արեւելյան գործընկերության ծրագրով նախատեսված չէ:

Կողմերը քննարկեցին նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությանն առնչվող կոնկրետ խնդիրներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն