Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Մինչ Սոֆիայում է Ահմեթ Դավութօղլուն, Բուլղարիայի խորհրդարանը պատրաստվում է ճանաչել ցեղասպանություն

Մարտ 19, 2010թ. 18:50

BulxariaԲուլղարիայի խորհրդարան հերթական անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ:

Novinite. com կայքէջի փոխանցմամբ` օրինագիծը խորհրդարան է ներկայացրել պահպանողական «Օրենք, կարգ և արդարություն» (RZS) կուսակցությունը:

RZS կուսակցության առաջնորդ Յանե Յանևի խոսքով` իրենց նպատակն է հասնել նրան, որ Բուլղարիան կոնսենսուսի գա ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականի հարցում և Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրինակով հստակ արտահայտվի հօգուտ պատմական իրողության:

Կուսակցապետը նշել է նաև, որ իրենք մտադիր են Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովից պահանջել, որպեսզի նա ներկայացնի Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ բուլղարական կառավարության դիրքորոշումը:

Բուլղարական մամուլը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև Բուլղարիայի խորհրդարան է ներկայացվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցով Սոֆիայում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Բուլղարիայի խորհրդարանական հանձնաժողովը հերթական անգամ մերժել էր ATAKA կուսակցության ներկայացրած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկությունը։

Հակաթուրքական հայացքներով աչքի ընկնող ATAKA կուսակցությունը խորհրդարանական հանձնաժողով էր ներկայացրել երեք առաջարկություն, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն որակելու վերաբերյալ։ Քվեարկությամբ մերժվել էին բոլոր երեք առաջարկությունները և չէին ներառվել խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում։

Նշենք, որ ATAKA կուսակցությունը պարբերաբար Բուլղարիայի խորհրդարան է ներկայացնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, սակայն ամեն անգամ խորհրդարանը դրանք մերժում է։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն