Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Մրցույթն օգնում է երիտասարդ շնորհալի ստեղծագործողներին

Մարտ 19, 2010թ. 20:20

Photo-2Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթն ավարտվեց. առջեւում է «Գործիքային կատարում» մրցապայքարը

Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կայացավ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի եզրափակիչ փուլը:

Մրցապայքար էին դուրս եկել առաջին փուլը հաղթահարած մասնակիցները`  Անուշ Հովհաննիսյանը, Հովսեփ Նշանյանը, Գուրգեն Բավեյանը, Թերեզա Գեւորգյանը եւ Գրիգոր Աբրահամյանը: Նրանք բոլորն էլ բեմ դուրս եկան հաղթելու վճռականությամբ:

Կատարումներին հաջորդող ջերմ ծափողջույնները վկայում էին, որ եզրափակիչ փուլ էին անցել միայն արժանավորները, ինչը, ժյուրիի հավաստմամբ, դժվարացնում է վերջնական ընտրությունը:

«Արդեն հինգերորդ տարին է Ֆրանսիայում գործող Պողոսյան հիմնադրամի`  ի դեմս Ժան եւ Ալբերտ Պողոսյանների, հովանավորությամբ իրականացնում ենք Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի ծրագրերը, որոնք օգնում են երիտասարդ շնորհալի ստեղծագործողներին կատարելագործել իրենց վարպետությունն ու առավել գնահատված զգալ սեփական երկրում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը:

Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի ՙԵրգեցողություն՚ անվանակարգի, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի մրցանակների բոլոր մյուս հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 13-ին` Հանրապետության Նախագահի մրցանակաբաշխության արարողության ընթացքում: Նախագահը հաղթողներին կհանձնի մրցանակներ` վկայագրի, շքանշանի եւ 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն