Արթուր Բաղդասարյան.«Հայաստանը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում»
Մարտի 19–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույցի, ապա` ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա խնդիրները քննարկել Երեւանում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում:
Բարձր գնահատելով Արթուր Բաղդասարյանի ներդրումը ՀԱՊԿ-ի զարգացման գործում`Նիկոլայ Բորդյուժան Արթուր Բաղդասարյանին է հանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության որոշմամբ նրան շնորհված մեդալը:
Խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում. «Համատեղ լուծման ենթակա խնդիրները բազմաթիվ են, այս տարի ուշադրություն ենք դարձնելու ռազմաարդյունաբերության եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացմանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ` ՀԱՊԿ շրջանակում»:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` նոր հիմքերի վրա կդրվի համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում: Բավական արդյունավետ է համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, իրականացվում են «Պրոքսի», «Կանալ», «Նելեգալ» միջոցառումները:
« ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները վերազինելն էլ կարող է լինել ընթացիկ տարվա կարեւորագույն ձեռքբերումը: Այստեղ ներգրավված են ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության, զինված ուժերի ստորաբաժանումները, եւ շատ կարեւոր է, որ ունենանք ժամանակակից տեխնիկայով, սարքավորումներով ապահովված համապատասխան ստորաբաժանումներ»:
Նիկոլայ Բորդյուժան բարձր է գնահատել Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ շրջանակում: Նա ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի վերազինման ծրագրի նախաձեռնության հեղինակն է, համաձայն որի այդ ուժերը կվերազինվեն ամենաժամանակակից զինտեխնիկայով եւ սարքավորումներով. «Նախագահներին կզեկուցենք, թե ինչ համատեղ ծրագրեր ենք իրականացրել վերջին շրջանում` ստեղծել ենք խաղաղապահ առաքելություն, ՄԱԿ-ի հետ համապատասխան հռչակագիր ենք ստորագրել, իսկ սա շատ կարեւոր քաղաքական քայլ է: Նաեւ` կադրերի պատրաստման եւ վերապատրաստման նոր փուլ ենք սկսում, ՌԴ բարձրակարգ բուհերում կվերապատրաստվեն ՀԱՊԿ բոլոր երկրների մասնագետները: Հուսով ենք` կհամաձայնեցնենք նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի նորմատիվային բազայի երկրորդ փաթեթը, որը ամբողջովին կարգավորում է արագ արձագանքման ուժերի գործունեությունն այլ պետությունների տարածքում: Կարող ենք փաստել, որ շատ լուրջ համատեղ քայլեր են ձեռնարկվել, եւ դա մեզ հիմք է տալիս խոսել այս կազմակերպության զարգացման բարձր մակարդակի մասին»:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչեւի հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում սահմանային բարեփոխումների ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ եւ ռուսական կողմի հետ համատեղ մշակել Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների արդիականացման հատուկ ծրագիր: Ծրագիրը կհաստատվի աշնանը, երբ Վլադիմիր Պրոնիչեւը կայցելի Հայաստան:
ՌԴ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում համագործակցության հեռանկարները: Կարեւորվել են համալիր միջոցառումների մշակման եւ իրականացման, կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդրները:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ ՌԴ-Բելառուս «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ղեկավարության եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրիեւի հետ: Քննարկվել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները: Այս մասին ArmAr.am-ին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:
ArmAr.am












