Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

«Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է»

Մարտ 20, 2010թ. 10:15

ara-papyan-Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքը խոսել է Թուրքիայից ոչ թե ընդհանրապես հայերին, այլ երկրում ապօրինի գտնվող հայերին արտաքսելու մասին: Մենք իրեն ճիշտ էլ հասկացել ենք: Թուրքիայի վարչապետը խոսում է օրենքի խտրական կիրառման մասին, պայմանավորված մարդկանց էթնիկ ծագումով: Եթե Թուրքիայի իշխանություններն հայտարարեին, որ որոշել են երկրից վտարել բոլոր ապօրինի գտնվողներին`  հասկանալի կլիներ: Թեև ընդունելի չէր լինի,  այնուամենայնիվ հասկանալի կլիներ: Սակայն Թուրքիայի վարչապետը խոսում է միայն հայերին վտարելու մասին: Այսինքն, Թուրքիայում ապօրինի գտնվող վրացին, կովկասցի թաթարը (որոնց այսօր ադրբեջանցի են կոչում), արաբն ու ռուսն իրավունք պիտի ունենան շարունակել օրենքը խախտել, իսկ հայերը ոչ: Իսկ ինչպե՞ս պիտի վարվեն թուրքերը Վրաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հետ: Վրաստանի քաղաքացի հայերին պիտի վտարեն, իսկ Վրաստանի քաղաքացի կովկասյան թաթարներին ու վրացիներին` ո՞չ: Հետաքրքիր կլիներ տեսնել Վրաստանի արձագանքը:

21-րդ դարում, Եվրամիություն ձգտող պետության գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի բերանից, հնչում են խոսքեր, որոնք կոչ են անում մարդկանց նկատմամբ օրենքը կիրառել ոչ թե ըստ նրանց արածի, այլ ըստ էթնիկ ծագման: Սա արդեն լուրջ բան է: Սա Մարդու իրավունքների համընդանուր հռչակագրի (1948) 1-ին, 7-րդ և 16 (1)-ին հոդվածների կոպիտ ոտնահարում է:

Գրեթե վստահ եմ, որ ներկայում Թուրքիան պետականորեն չի սկսի հայերի նկատմամբ խտրական նոր հալածանքները: Դա հիմա չի բխում Թուրքիայի շահերից: Առանց այդ էլ Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունները էական զրկանքների և չարդարացված սահմանափակումների մեջ են:

Այսուհանդերձ, սա խիստ մտահոգիչ երևույթ է, քանի որ  Էրդողանի ասածը թուրքական հասարակության շատ լուրջ և խորքային հիվանդության դրսևորումն է: Ինչը Էրդողանի լեզվին է, նույնը թուրքական հասարակության սրտում է:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
19 մարտի 2010թ.


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն