Տեղեկատվական վտանգավորություն
Ոչ վաղ անցյալում, ավելի ստույգ, 90-ականների սկզբին, երբ դեռ չէր ավարտվել Արցախյան պատերազմը, երբ կռիվների մեջ դեռ նոր-նոր էր կազմավորվում Հայոց կանոնավոր բանակը, ոչ անհայտ քաղաքական գործիչներից մեկը շրջանառության մեջ դրեց «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է» կարգախոսը: Ասել կուզի` եթե մենք մարտունակ, կանոնավոր բանակ չունենանք, ապա մեզ հետ պատերազմելու կարիք էլ չի լինի: Այս «թեզի» ճշտի ու սխալի մեջ խորանալու նույնիսկ հարկ էլ չկա այսօր, երբ բոլորիս համար պարզ է` անպաշտպան լինեինք` մեզ կերել էին:
Ինչու հիշատակեցի սա: Որովհետև երբ նայում ես Հայաստանի ներկայիս տեղեկատվական «համակարգին», ակնհայտ է, որ այն հիմնականում և մեծ մասամբ զբաղված է «ներքին պատվերների» շուկայում` ով ում, ինչ, որտեղ և այլն: Նայած պատվերի: Այս առումով, բոլորովին անկարևոր են դառնում Հայաստանի ապագայի, ժողովրդի բախտով մտահոգության մասին երբեմնակի հիշատակությունները. Դրանք հաճախ նույնիսկ քողի տպավորություն են թողնում:
Խոսքը արտաքին տեղեկատվական իբր գոյություն ունեցող համակարգի մասին է, որն զբաղված է, ինչպես հիմա ընդունված է ասել, տեղեկատվական անվտանգության հարցերով: Այ, հենց այս տեղեկատվական անտանգությանը նայելիս էլ ակամա հիշում ես, որ «անպաշտպանվածությունը մեր պաշտպանվածությունն է»:
Մինչդեռ անհրաժեշտ է պետականորեն ձևավորված տեղեկատվական անվտանգության քաղաքականություն, այնպիսին, ինչպիսին ունի Ադրբեջանը: Հարևան երկրի լրատվամիջոցները ամեն մի առիթով, ամեն մի իրադարձության կապակցությամբ միահամուռ ուժերով այնպիսի միջազգային աղմուկ են բարձրացնում, հորինած «փաստեր» շրջանառում, որ ակնբախ երևում է` սրանց հովանավորում է պետությունը: Հո գաղտնիք չէ՞, որ ժամանակակից աշխարհում, ուր թեկուզ շինծու, բայց ամեն ինչ պայմանավորում են միջազգային հանրության կարծիքով, ամենակարևոր զենքը տեղեկատվությունն է: Սակայն մեր իշխանությունները, կարծես, այդ ամենին հակազդելու մտադրություն էլ չունեն: Սա փաստորեն չթաքցրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը` լոնդոնյան իր հայտնի ելույթից հետո պատասխանելով բարոնուհի Քերոլայն Քոքսի հարցին:
Սակայն ադրբեջանա-թուրքական` հակահայկական կազմակերպված քարոզչությանը պիտի համարժեք պատասխան տալ: Հետո՞ ինչ, որ մենք ճիշտ ենք. Ադրբեջանն իր սուտը ճշտի տեղ է անցկացնում և այնպիսի քարոզչական հնարքներով, որոնց սովոր է եվրոպացին: Իսկ մեր լռությունը կամ հատուկենտ ձայները ոչինչ որոշել չեն կարող: Թե չէ ելույթներում հնչող քարոզչական պատերա՟զմ, չգիտեմ ի՟նչ…
Ավիկ Մարության












