Արծվիկ Մինասյան. «Էրդողանի հայտարարությունը` հայերին վտարելու մասին, պատասխանն էր Թուրքիայի գիրկը թռնողներին»
«Բոլոր հույսերը, թե Թուրքիան քաղաքակրթվել է, ի դերև ելան, և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը` հայերին վտարելու մասին, պատասխանն էր բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին թռնել Թուրքիայի գիրկը»,- ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք ուժեղ կլինենք այն ժամանակ, երբ միասնական լինենք ցեղասպանության ճանաչման հարցում եւ հասկանանք, որ սխալ է ցանկացած գործողություն, որն արվում է ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ»:
«Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա հայ-թուրքական գործընթացից եւ Թուրքիան տվել է այդ հնարավորությունը: Որքան շուտ անենք այդ քայլը, այնքան շուտ կվերականգնենք մեր միասնականությունը եւ ավելի արժնապատիվ կլինենք»,- ասաց Ա. Մինասյանը:
Ինչո՞ւ են Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Էրդողանի հայտարարության վերաբերյալ լռություն պահպանում, հարցին, դաշնակցական գործիչը պատասխանեց, որ այդ հայտարարությունն անգամ այդ երկու գերտերության համար է անակնկալ եղել, իսկ մինչ այդ, ըստ Մինասյանի, հարկ է, որ նախ ՀՀ դիվանագիտությունը բարձրաձայնի, որ ցեղասպանության քաղաքականությունը, որը պետական է եղել 20-րդ դարի դարասկզբին, շարունակվում է, այն չի փոխվել:
«Նախաձեռնողական քաղաքականությունը ամբողջովին տապալված է եւ եթե ՀՀ իշխանությունները դեռ փորձում են շահագրգռել Թուրքիային, որ վավերացնի արձանագրությունները, նշանակում է դաս չեն առել ու չեն խելոքացել»,- ընդգծեց նա:
ArmAr.am
Թեգեր` Թուրքիա, հայերին վտարել, վարչապետ Էրդողան, ցեղասպանության ճանաչում












