Էրդողանին դարձրել են քավության նոխազ
Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում քննադատել են նրան հայերին արտաքսելու սպառնալիքների համար: Նամակը սկսվում է «Ամո՜թ վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանին» բառերով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայում ապօրինի բնակվող եւ աշխատող հայերին, որոնց թիվը, ըստ Էրդողանի հասնում է 100 հազարի, կարտաքսեն երկրից:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս պահանջում ենք, որ անպաշտպան միգրանտների մեջքի ետեւում ամոթալի քաղաքական առեւտուրը դադարեցվի»:
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Էրդողանը որոշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից իր զայրույթը թափել հայ գաղթականների վրա: «Վերջին շրջանում հայ խոցելի միգրանտները դարձել են Թուրքիայի քաղաքական գործիչների դյուրին ավարը: Նրանք դարձել են թիրախ, չնայած որ չունեն սոցիալական պաշտպանվածություն ու անձնական անվտանգություն:
«Չի կարելի թույլ տալ, որ հազարավոր մարդկանց ճակատագրերը մանրադրամ դառնան երրորդ երկրների խորհրդարանների որոշումների դեմ պայքարում»,- ասված է նամակում:
Իրականում Թուրքիայի վարչապետը հայտարել է մի բան, որը բոլոր թուրքերի սրտի ցանկությունն է, բայց միջազգային հանրության առաջ բարբարոս չերևալու համար, բոլոր ուղղություններից սկսել են քննադատության սլաքն ուղղել վարչապետի վրա, վերջինիս դարձնելով քավության նոխազ:
ArmAr.am
Թեգեր` Էրդողան, Թուրքիա, հայեր, քավության նոխազ












