Լոս Անջելեսում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված հայ գրող, փիլիսոփա, Շահան Նաթալիի 125-ամյակին
Լոս Անջելեսի հասարակական գրադարանում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված հայ գրող, փիլիսոփա, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Նաթալիի 125-ամյակին: Միջոցառումը կազմակերպել է Շահան Նաթալիի ընտանեկան հիմնադրամը: Այս մասին հայտնում է «Ասպարեզը»:
Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) ծնվել է Խարբերդի վիլայեթի Հուսեյնիկ գյուղում: 1894-1896 թթ. հայկական ջարդերի ժամանակ նրա հայրը, հորեղբայրն ու մյուս հարազատները սպանվել են: Շահանին փրկել են հույն հարեւանները: Այնուհետեւ նա տեղափոխվել է Կոստանդնուպոլիս եւ ընդունվել Բերբերյանի անվան ակադեմիա, որտեղ էլ սկսել է իր գրական եւ հասարակական գործունեությունը: 1904 թ. նա տարագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հայոց ցեղասպանության Ժամանակ նա հայրենիքում չէր, սակայն իր ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Շահան Նաթալին Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացմանն ուղղված` ՀՅԴ-ի «Նեմեսիս» գործողության գաղափարական ոգեշնչողն ու ղեկավարներից մեկն էր: Շահան Նաթալին հայկական հարցի վերաբերյալ մի շարք աշխատությունների` «Թուրքերն ու մենք», «Թուրքիզմը Անկարայից մինչեւ Բաքու եւ թուրքական կողմնորոշում» (1928 թ.), «Ալեքսանդրապոլի պայմանագրի նոր լրացում. «ինչպես» եւ «ինչու»(1955 թ.), մի շարք պոեմների եւ թարգմանությունների հեղինակ է:
ArmAr.am












