Արմեն Ռուստամյան. «Հայաստանում նախընտրական մթնոլորտ է»
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պետք է լինի համապատասխան իրավիճակ` քաղաքական լուրջ ճգնաժամ, անկառավարելի իրավիճակ: Այժմ իրավիճակն այնպիսի չէ, որ անհրաժեշտ լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, թեև նման հեռանկարը չի բացառվում».,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի ընտրություններին: ՀՅԴ-ն, պատրաստ է ընտրությունների, եթե ցանկացած պահի իրադարձությունները տանեն նման զարգացումների:: Ինչպես նկատեց Ռուստամյաը` երկու տարի է մնացել հերթական խորհրդարանական ընտրություններին, ու այժմ Հայաստանում արդեն զգացվում է նախընտրական մթնոլորտ:
«Մենք կարևորություն չենք տալիս արտահերթ կամ հերթական ընտրություններին: Մեզ համար կարևոր է, թե քաղաքական ուժն ինչ ծրագրով է ցանկանում գալ իշխանության և գալով իշխանության` ինչպես է իրականացնելու այդ ծրագիրը»,- ասաց նա` հավելելով, որ նորմալ ընտրություններ անցկացնելու համար նախ և առաջ պետք է պատրաստ լինեն քաղաքական ուժերը, հասարակությունը:
ՀՅԴ-ականն ասաց, որ այժմ ընտրական համակարգն այնքան արատավոր է, որ եթե լինեն նոր ընտրություններ, ապա դրա արդյունքները կասկածի տեղիք են տալու ու հանգեցնելու են հետընտրական զարգացումների:
«Եթե մենք պատրաստ չլինենք նորմալ ընտրություններ անցկացնելուն, ապա դա կսրբագրի միայն իշխանությունների ասածները. տեսեք` հասարակությունը մեզ ձայն տվեց, հետևաբար` մենք ճիշտ ենք: Ընտրություններն այնքան խեղաթյուրված են լինում, որ հասարակության պահանջը չի արտահայտվում»,- ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, երկու տարի անց միգուցե որոշ չափով պատրաստ լինեն նորմալ ընտրություններ անցկացնելուն, թեև «միամիտ» չլինելով` կարծում է, որ ընտրախախտումներ լինելու են, բայց ոչ այն աստիճանի, որ 10-20 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժը հայտարարվի հաղթող:
ArmAr.am












