Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի ելույթը Դամասկոսի համալսարանում

Մարտ 23, 2010թ. 15:55

MAR_0314Տիկնայք եւ պարոնայք, Սիրելի բարեկամներ, Ինձ համար պատիվ է հանդես գալ Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Դամասկոսի համալսարանում: Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող եւ մեզ շատ մոտ երկիր է. ՙմոտ՚ ասելիս նկատի չունեմ միայն աշխարհագրորեն, այլեւ ավանդական բարեկամությամբ, ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով եւ բազում-բազում այլ թելերով:

Այսօր ուզում եմ այս առիթն օգտագործել՝ խոսելու մեր՝ հայ եւ սիրիացի ժողովուրդների բարեկամության, մեր հարաբերությունների, մեր անցյալի ու խոստումնալից ապագայի մասին:

Հայերն ապրել ու գործել են, իսկ պատմական Հայաստանը մաս է կազմել մի տարածաշրջանի, որն այսօր ընդունված եզրույթով կոչվում է ՙՄիջին Արեւելք՚:

Մենք ապրել ենք մի տեղում, որը ,քաղաքակրթությունների խաչմերուկի՚ լավագույն օրինակն է, ամենօրյա շփումներ, առեւտուր եւ մշակութային փոխներգործություն է ունեցել Բարեբեր մահիկի ժողովուրդների եւ երկրների հետ: Արեւմուտքի երկրների համար հայերը եղել են իսլամական, արաբական եւ իրանա¬կան մշակույթի լավագույն թարգմաններն ու մեկնիչները, իսկ Արեւելքի ժողովուրդների հա¬մար եղել են յուրահատուկ դարպաս դեպի Կովկաս եւ ավելի հյուսիս, նաեւ ընկալվել են որպես արեւմտյան մշակույթի կրողներ: Եւ նույնիսկ պատմության տարբեր հատվածներում, երբ մեծ կայսրությունների հարվածների ներքո դադարել է հայկական պետականության գոյությունը, այդ կապող դերակատարումը երբեք չի դադարել մաս կազմել հայկական հավաքական ինքնության եւ ինքնագիտակցության:

Եւ այս համապատկերի մեջ Սիրիան ուրույն եւ խիստ կարեւոր դեր է ունեցել հայերի համար: Սիրիան է եղել այն կամուրջը, որ միացրել է մեզ արաբական եւ իսլամական աշխարհին: Իսկ հայերի ու սիրիացիների պատմական ճակատագրերի զուգահեռներն էլ ավելի են մոտեցրել մեր ժողովուրդներին:

Օրինակներն իսկապես խոսուն են: Կան երկու իրողություններ, որոնք արմատական ազդեցություն են ունեցել հայ ժողովրդի կազմավորման եւ հայկական ինքնության ձեւավորման վրա, որոնցով հպարտանում է ցանկացած հայ` մոլորակի ցանկացած անկյունում: Առաջինը՝ քրիստոնեությունն աշխարհում պետականորեն առաջինն ընդունելու փաստն է, երկրորդը՝ հայ մշակույթը եւ դրա առանցքը՝ հայոց լեզուն ու այբուբենը: Երկու դեպքերում էլ ՙսիրիական հետքը՚ չափազանց ակնառու է:

Հենց Սիրիայի ճանապարհով է քրիստոնեությունը թափանցել մեզ մոտ, I դարում Սիրիայից են Հայաստան եկել առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը, քարոզել քրիստոնեություն ու նահատակվել` դնելով հիմքերը, որոնց վրա պիտի կառուցվեր Հայ առաքելական եկեղեցու տաճարը:

IV-V դարերում Ասորիքի քաղաքներում են ուսանել բազմաթիվ հայ երիտասարդներ, այդ թվում եւ մեծագույն հայերից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցը, ով, ըստ որոշ վարկածների, հենց սիրիական Եդեսիայում է ստեղծել այն, ինչը հայտնի է որպես հայոց այբուբեն:

Հայերն ու սիրիացիները հազարամյակներ շարունակ եղել են տարածաշրջանում բնակվող այն ժողովուրդները, որոնք ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ եւ աշխատասեր կեցվածքով են վաստակել միմյանց, ինչպես եւ մյուս ժողովուրդների սերն ու հարգանքը, իսկ դարերի ընթացքում ձեռք բերված փորձը, գիտելիքներն ու մշակութային արժեքներն անգնահատելի ներդրում են դարձել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:

Պատկանելով տարբեր դավանանքների` մեր ժողովուրդներն իրենց հավատի մեջ առաջին հերթին գնահատել են հոգեւոր, համամարդկային արժեքները, փոխադարձ հարգանքը: Մարդկային պատմության մեջ իրենց ուրույն տեղը զբաղեցնող հոգեւոր արժեքներն հենց այդ հավատի արդյունքն են: Երեւանում հին ձեռագրերի Մատենադարանում հայերեն բազմաթիվ մագաղաթների կողքին պահպանվում են Սիրիայի տարածքում ծնունդ առած եւ արաբական ու համաշխարհային մշակութային ժառանգության կարեւորագույն մաս հանդիսա¬ցող բազմաթիվ ու բազմաբովանդակ ձեռագրեր արաբերենով, արամերենով, ասորերենով եւ այլ լեզուներով:

Միջնադարում հայ-արաբական գրական եւ գիտական կապերի մասին կարելի է ժամերով խոսել: Հայ բժշկագետ Ամիրդովլաթ Ամասիա¬ցին հենվել է արաբական բժշկագիտության ձեռքբերումների վրա` իր բժշկագիտական աշխատություններում զարգացնելով դրանք: Գրիգոր Մագիստրոսը X դարում քննում էր Մութանաբիի տաղաչափությունը, իսկ Առաքել Անեցին XIII դարի սկզբին թարգմանում էր ՙՀազար ու մեկ գիշերների՚ հեքիաթներից: Արեւմուտքին այդ գոհարները հասու էին լինելու միայն դարեր անց:

Ծաղկում էին նաեւ առեւտրական շփումները: XV-XVII դարերում, երբ Հալեպը մերձավոր¬արեւելյան խոշորագույն հանգույց էր, հալեպահայ խոջաներն իրենց էական մասնակցությունն ունեին Վենետիկի, Ամստերդամի ու Մարսելի հետ առեւտրում:

Հայերն ակտիվ մասնակիցներն են եղել թե՛ XIX դարի արաբական զարթոնքի շարժմանը՝ Նահդային, թե՛ XX դարում արաբական ազգային-ազատագրական շարժումներին՝ մասնավորապես Սիրիայում։

Այս ամենը վառ վկայությունն են հայսիրիական համակողմանի շփումների եւ միմյանց ճակատագրի նկատմամբ հոգածության։

Սիրելի բարեկամներ,

Քսաներորդ դարը ճակատագրական փոփոխություններ բերեց հայ ժողովրդի կյանքում: Մեր պատմական հայրենիքի մեծ մասը հայաթափվեց, ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց, իսկ փրկվածներն էլ սփռվեցին աշխարհով մեկ:

Այսօր, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին ընդառաջ, ես, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ցանկանում եմ հայ ժողովրդի անունից անկեղծ երախտագիտություն հայտնել մեր արաբ եղբայրներին, Սիրիայի գյուղերի եւ քաղաքների բնակիչներին, ովքեր, ենթարկվելով հալածանքների եւ քամահրելով մահապատժի վտանգը, չհանդուրժեցին մարդկության դեմ գործվող հանցագործությունը եւ ապաստան տվեցին Օսմանյան իշխանությունների ձեռնարկած ոճրագործությունից մազապուրծ հայ փախստականներին:

Վստահ եմ, որ այդ նույն հավատը եւ մարդկության առջեւ պարտքի անձնվեր զգացումն էր դրդում Սիրիայի եղբայր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու մեր ազգին իր պատմության ամե¬նածանր պահին, երբ հարյուր հազարավոր հայորդիներ, արտաքսվելով իրենց ծննդա¬վայրերից, քշվեցին դեպի Դեյր Զորի անապատներ: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա:

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Մաարրայի կայմակամ Մուհամմեդ Շաֆեհ Աբու Ռիշեին՝ սիրիացի մեծ բանաստեղծ Օմար Աբու Ռիշեի հորը, ով հայ բռնագաղթածներին օգնելու համար ինքն էլ արտաքսվել է օսմանյան իշխանությունների կողմից: Ինչպե՞ս կարելի է չհիշել Դեյր Զորի կառավարիչ Ալի Սուադին, ով ոչ միայն մերժեց կատարել հայերին կոտորելու հրամանը, այլեւ ապաստան տվեց հայ մանուկներին: Արդյոք հնարավո՞ր է մոռանալ թուրքական բանակում ծառայող արաբ սպաներին՝ բազում հայերի կյանք փրկած Ջեմիլ էլ Քեննեին, կամ Աբդուլ-Ղանի Ջուդեին, ով հայ գաղթականների քարավանները Դեյր Զոր ուղարկելու փոխարեն տեղափոխում էր Սելիմիե, եւ ում օգնությամբ մահվան ճիրաններից է փրկվել հայ դասական գրողներից Երվանդ Օտյանը: Նրանց եւ բազում-բազում ուրիշների անունները երախտիքի ոսկե տառերով են ամրագրված հայերիս սրտերում:

Սիրիայում ապաստան գտած եւ կյանքը նոր էջից սկսած հարյուր հազարավոր հայու¬թյունը կառուցեց եկեղեցիներ եւ մշակութային օջախներ՝ իր ներդրումը բերելով Սիրիայի բազմազգ քաղաքակրթության զարգացմանը: Նրանք իրենց հավատարիմ կեցվածքով եւ անձնվեր աշխատանքով ապացուցեցին, որ երախտապարտ են Սիրիայի ժողովրդին: Այսօր, երբ երկրի մյուս քաղաքացիների հետ նրանք հավասար իրավունքներ են վայելում, ցանկանում եմ կրկին երախտիքի խոսքեր հղել Սիրիայի ազգային իշխանություններին այդ ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության համար: Շնորհակալ եմ:

Բարեկամներ,

Ցեղասպանությունից հետո հայերին մնաց պատմական հայրենիքի միայն փոքր՝ կովկաս¬յան հատվածը, այն էլ` բզկտված ու բաժան-բաժան: Հետագա աշխարհաքաղաքական զարգացումները, սառը պատերազմը խորաց¬րին այդ իրողությունը՝ կտրելով մեզ մեր աշխարհագրական արեալից եւ զրկելով մեր բարեկամների հետ բնականոն շփումներից:

Խորհրդային շրջանում միայն խիստ սահմանափակ շփումները՝ ազգականների փոխայցելությունները, ուսանողների փոխա¬նակումները կիսաբաց էին պահում այդ պատուհանը: Սակայն 70-80-ականներին պետությունների երկու ղեկավարների՝ Սիրիայի Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի եւ Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի պատմական այցելությունները Խորհրդային Հայաստան վերստին վերականգնեցին ՙքաղաքակրթության խաչմերուկի՚ առաքելության զգացումը:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ հանգուցյալ Նախագահ Հաֆեզ ալ-Ասադի արած պատմական հայտարարությունը՝ «Սիրիան հայերի երկրորդ հայրենիքն է, ցնցող էր: Հայերը հասկացան, որ այն, ինչ իրենք տասնամյակներ համարում էին սոսկ իրենց ցավը, հիշվում եւ կիսվում է իրենց բարե¬կամների կողմից: Հավատացեք, համաշխարհային քաղաքական գործիչների նման քայլերը ժողովուրդների հիշողությունից չեն ջնջվում:

Հայաստանի անկախության վերականգ¬նումից հետո մերձավորարեւելյան դարպասնե¬րը կրկին բաց էին: Տառացիորեն առաջին իսկ ամիսներին բացվեցին Հայաստանի դեսպա¬նությունները Դամասկոսում, Կահիրեում, Թեհ¬րանում: Հայ-սիրիական համագործակցու¬թյունն իրապես հզոր թափ ստացավ, ինչն ապացուցեց, որ երկու երկրներն իրականում հետաքրքրված են միմյանցով եւ պատրաստ են շարունակել դարերից եկած փոխգործակցու¬թյան բարի ավանդույթները:

Տիկնայք եւ պարոնայք,

Ես այսօր գտնվում եմ եղբայրական Սի¬րիայի հինավուրց մայրաքաղաք Դամասկո¬սում հարգարժան նախագահ դոկտոր Բաշար ալ-Ասադի հրավերով: Մեր միջեւ ձեւավորվել է լիակատար փոխըմբռնում եւ հիանալի բարե¬կամական հարաբերություններ: Նախագահ¬ների մակարդակով սա մեր երկրորդ հանդի¬պումն է վերջին ինն ամիսների ընթացքում: Շփումների նման հաճախականությունը հարիր է երկու բարեկամ ժողովուրդների ղեկավարներին:

Հայաստանի եւ Սիրիայի միջեւ այս 18 տարիներին ստորագրվել են մի քանի տասն¬յակ միջպետական պայմանագրեր, համաձայ¬նագրեր, փոխըմբռնման հուշագրեր, համագոր¬ծակցությունը կարգավորող գործնական ծրա¬գրեր: Այսօր չկա մի բնագավառ, որտեղ Հայաս¬տանի եւ Սիրիայի միջեւ չլինի համագործակցե¬լու եւ փոխգործակցելու պատրաստակամու¬թյունը հաստատող փաստաթուղթ: Իմ այս այցի շրջանակներում ստորագրվելու են մեկ տասնյակ փաստաթղթեր` ամենատարբեր բնագավառներում:

Քաղաքական հարցերի շուրջ միացյալ դիր¬քորոշումների մշակում, առեւտրատնտեսական կապերի ամրապնդում, գյուղատնտեսական բնագավառում փորձի փոխանակում, տեղե¬կատվական, կրթական, մշակութային փոխա¬նակումներ. սա է մեր կառավարությունների միջեւ համագործակցության ոլորտների ոչ ամբողջական ցանկը: Եւ այդ ցանկն օր օրի ընդլայնվում է` ընդգրկելով նոր ոլորտներ եւ նոր ծրագրեր:

Հայաստանի եւ Սիրիայի միջեւ այսպիսի լայն համագործակցությանը նպաստում են նաեւ մեր երկրների միջեւ պարբերաբար գումարվող միջկառավարական հանձնաժողո¬վի նիստերը, ինչը խնդիրների լուծման եւ աշխատանքի համակարգման չափազանց արդյունավետ ձեւաչափ է: Այս հարթության վրա Հայաստանի եւ Սիրիայի կառավարման գրեթե բոլոր բնագավառների փորձագետները հնարավորություն են ստանում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ճանաչել միմյանց, ինչն, իմ խորին համոզմամբ, նույնպես չափազանց կարեւոր է:

Արդեն մեկուկես տասնամյակ է, ինչ Հայաստանի տարբեր բուհերում ուսանում են սիրիացի ուսանողներ: Մյուս կող¬մից` ի թիվս նաեւ այս հարգարժան հաստատու¬թյան, Սիրիայի համալսարաններում իրենց ուսում¬նա¬ռու¬թյունն են անցնում Հայաստանից ժամանած ուսանողները, մագիստրանտներն ու ասպիրանտները: Սա վկայում է մեր երկրնե¬րի միջեւ ոչ միայն համագործակցության, այլեւ փոխադարձ վստահության մասին, քանզի երի¬տասարդների ձեռքում է գտնվում մեր երկրնե¬րի միջեւ արդյունավետ համագործակցությունը շարունակելու ապագան: Համոզված եմ, որ մարդկային գործոնը ամենահզոր ուղղորդիչ հանգամանքն է լինելու այս բարեկամությունը պահպանելու եւ ամրապնդելու գործում:

Այսօր մեր սիրիացի գործընկերների հետ համատեղ նախապատրաստվում են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտներում համագործակցելուն, ինչպես նաեւ համատեղ գիտակրթական ծրագ¬րեր իրականացնելուն վերաբերող միջբուհա¬կան համաձայնագրեր: Այս այցի ընթացքում մեր կառավարությունների ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ գիտական ու գիտատեխնիկական համագոր¬ծակցության մասին համաձայնագիր, որի դրույթների իրագործումը բխում է մեր երկու ժողովուրդների կենսական շահերից, քանզի ընդգրկում են ցանկացած ազգի ապագա բարեկեցության ու առաջընթացի գրավական¬ները հանդիսացող գիտությունն ու կրթու¬թյունը:

Հայաստանն, ընդհանրապես, մեծ ջանքեր է գործադրում Արաբական աշխարհի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ: Սրանով է պայմանավորված այն, որ մենք ներկայացված ենք Արաբական Պետությունների Լիգայում:

Դրա հետ մեկտեղ` Հայաստանը շարունա¬կում է վարել հարավկովկասյան տարածաշր¬ջանում հարատեւ խաղաղություն ու կայունու¬թյուն ապահովելուն ուղղված քաղաքականու¬թյուն, որի նպատակն է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների զարգացման համար հավա¬սար պայմանների ստեղծումը: Վստահորեն կարող եմ ասել, որ Սիրիայի ղեկավարությունը կիսում է մեր խորը համոզմունքն առ այն, որ միայն խաղաղ ճանապարհով կարելի է լուծել պատ¬մության ընթացքում առաջացած բոլոր վեճերը, ուղիղ երկխոսության եւ համագործակցության միջոցով հարթել ժողովուրդների միջեւ առաջա¬ցած ատելության եւ անհանդուրժողականու¬թյան պատնեշները, եւ վերջին շրջանում եւ Հայաստանը, եւ Սիրիան ապացուցեցին, որ պատրաստ են շարժվել այս ուղղությամբ:

Սիրելի բարեկամներ, անշուշտ, կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է եւ ինքս չեմ սիրում դա անել, սակայն պետք է խախտեմ ավանդույթը, քանզի այն, ինչ կանխատեսում եմ հայ-սիրիական հարաբերությունների ապագայի առումով, իրոք միայն դրական եւ լուսավոր մտքեր են: Անձամբ իմ անունից պետք է խոստովանեմ, որ ջանք չեմ խնայի, որ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ դարերի ընթացքում կառուցված կամուրջը միշտ ամուր եւ անխափան մնա եւ միջավայ¬րի որեւէ փոփոխություն, միջազգային կամ տարածաշրջանային ուժերի ցանկացած վերադասավորում չեն կարող ազդել օր օրի ամրացող հայ-սիրիական բարեկամության եւ մեր երկրների ընդլայնվող փոխգործակցության վրա:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն