Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանի համար ազգային խնդիր են
Դա ենթադրում է պատասխանատու մոտեցում, այլ ոչ թե տարակուսելի հակազդեցության դրսևորում
Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» գործընթացը, ինչպես ամրագրված է օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրություններում, ենթադրում է հայ-թուրքական սահմանի բացում, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և դրանց հետագա զարգացում: Սահմանի բացման առումով, թերևս, կարևորը Գյումրի-Կարս երթուղու վերագործարկման համար Հայաստանի կողմից Լեհաստանի Պոզնանսկու վագոնների գործարանին պատվիրված երեք ապրանքատար գնացքներն են` հարմարեցված Թուրքիայի երկաթուղու ռելսերին: Այդ մասին սեպտեմբերի 14-ի համարում նշել էր թուրքական «Զաման» թերթը` վկայակոչելով լեհական ԶԼՄ-ներին` «Մերկուրի» մասնավոր ռադիոկայանին և «Գազետա վիբորկային»: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման այլևս սկսված գործընթացում կարևորվում է նաև «Եվրոնյուզի» թուրքական ծառայության «Աբհաբեր» կայքէջի` սեպտեմբերի 16-ի հրապարակումը, ըստ որի, ֆուտբոլային պատասխան հանդիպման նախօրյակին` այսինքն հոկտեմբերի 13-ին, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն կստորագրեն Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» արձանագրությունները: Այլ կերպ ասած` անկախ ընդդիմության հետզհետե սաստկացող հակազդեցությունից, իշխանությանը հասցեագրված մեղադրանքներից կամ հայտարարված նստացույցից ու հացադուլից, հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը շարունակում է ծավալվել, որի արդյունքները, կարծես, կանխորոշվում են: Կանխորոշման գրավականը, թերևս, գործընթացի միջազգային լայն հնչեղությունն է, «հաշտեցման» հարցում ԱՄՆ-ի և Եվրամիության ընդգծված շահագրգռությունը, ինչպես նաև, Սիրիայի գլխավորությամբ` տարածաշրջանի երկրների դրսևորած դրական վերաբերմունքը:
Այս հանգամանքը պարտավորեցնող է թուրքական, և հատկապես, հայկական կողմի համար, քանի որ «հաշտեցման» գործընթացը սկսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը: Թվում էր, թե ընդդիմությունը հաշվի կառներ այս հանգամանքը և արձանագրություններին հակազդելիս կգործեր պատասխանատվության գիտակցումով, որպեսզի թուրքական կողմը չստանա ՀՀ իշխանություններին ընդդիմության կողմից հասցեագրված մեղադրանքներն ընդդեմ Հայաստանի օգտագործելու և սեփական նկրտումներն այդ հայտարարություններով օրինականացնելու հնարավորություն:
Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է «Հայաստանի ազգային շահերին դավաճանելու», «Հայոց ցեղասպանությունը վիճարկելի դարձնելու և պահանջատիրությունից հրաժարվելու», «Լեռնային Ղարաբաղի հետ` նաև Հայաստանը թուրքերին ծախելու», ինչպես նաև` «ցեղասպանության միջազգային ճանաչման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում Թուրքիայի պահանջներին տեղի տալու» մասին անպատասխանատու հայտարարություններին, որոնք չեն կարող բացասական հետևանքներ չունենալ:
Ի±նչ առումով: Մինչ հարցին պատասխանելը պետք է ընդունել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև «դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին զույգ արձանագրություններն, ինչ խոսք, խոցելի տեղեր ունեն: Դրանց խոցելիությունը, թերևս, պայմանավարված է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթներով, ինչպիսիք են, ասենք, ցեղասպանության հարցի վիճարկման, Կարսի պայմանագրի վերահաստատման կամ այլ պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու միջոցով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մասին մեկնաբանությունները:
Հարկ է, սակայն, նշել, որ արձանագրությունների տեքստում ամենևին չի հիշատակվում Հայոց ցեղասպանության, Կարսի պայմանագրի և Լեռնային Ղարաբաղի մասին: Եթե հայաստանյան իշխանությունները նման զիջումների մտադրություն ունենային, ապա սեպտեմբերի 2-ին` արձանագրությունների հրապարակումից 2 օր անց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չէր մեկնի Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա հանդիսություններին, նա այնտեղ հերթական անգամ չէր վերահաստատի Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում, ոչ էլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, դեռևս ապրիլին Ստամբուլում եղած ժամանակ, թուրքական հանրային հեռուստատեսության էկրանից կհաստատեր. «Եթե որևէ մեկը կարծում է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, Հայաստանը կզիջի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում, ապա չարաչար սխալվում է: Մենք այս հարցերում չենք զիջել, չենք զիջում և չենք զիջելու»:
Ի դեպ, ընդդիմությունն իր շարքերում ունենալով երկու նախկին արտգործնախարարների, չի կարող տեղեկացված չլինել, որ միջպետական հարաբերություններում տվյալ երկրի համար պարտավորեցնող են նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հայտարարությունները: Այսինքն, այս հայտարարությունները Հայաստանին պարտավորեցնում են դադարեցնել «հաշտեցման» բանակցությունները Թուրքիայի հետ, եթե թուրքական կողմը հաշտեցումը վերստին պայմանավորի Ադրբեջանի վերաբերմունքով և նախապայմաններ առաջադրի` կապված Հայոց Ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ:
Միջազգային հարաբերությունների չգրված այս օրենքն էլ, թերևս, պետք է պարտավորեցներ ընդդիմությանը: Եթե դա տեղի չի ունենում, ապա կնշանակի, որ ընդդիմության հակազդեցության հիմքում հայ-թուրքական արձանագրությունների խոցելիությունից բխող մտավախությունը չէ միայն: Քանի որ արձանագրությունների առնչությամբ հայտարարված հացադուլն ու դրանք հանրաքվեի դնելու պահանջները ծայրահեղ բնույթ են հաղորդում այդ հակազդեցություններին, ուստի Հայաստանում արձանագրությունների հետ ինքնաբերաբար գերագնահատվում է Թուրքիայի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նշանակությունը, իսկ դա ոչ միայն խրախուսում է թուրքական կողմի նկրտումները, այլեւ նախադրյալներ է ստեղծում, որ հայկական կողմի հետ բանակցություններում ամրապնդվեն նրա դիրքերը:
Արձանագրություններին ընդդիմադիրների հակազդեցությունը, սակայն, սոսկ թուրքական նկրտումները չէ, որ խրախուսում է, այլև անընդմեջ վերարծարծում է Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի և Կարսի պայմանագրի հիմնահարցերը: Կասկածից վեր է, որ «հաշտեցման» գործընթացում հայկական կողմը թուրքական կողմի հետ բանակցություններում հիմք է ընդունելու արձանագրությունների տեքստը, այլ ոչ թե դրանց դրույթների հնարավոր մեկնաբանությունը:
Հետևաբար, ելնելով արձանագրությունների խոցելիությունից, Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի և Կարսի պայմանագրի հարցերում թուրքական կողմին զիջումների գնալու Հայաստանի ղեկավարության պատրաստակամության մասին ի լուր աշխարհի անընդմեջ հայտարարելու և արձանագրություններում բոլորովին չհիշատակվող այդ հարցերը շարունակաբար վերարծարծելու դեպքում ընդդիմությունը` սեփական ենթադրությամբ, հայ հասարակության ենթագիտակցության մեջ, կամա թե ակամա, ամրապնդում է զիջումների անխուսափելիությունը, բթացնում է ազգային հարցերում հայ ժողովրդի զգոնությունը, դրանց առնչությամբ իշխանություններին արհեստականորեն հակադրում հասարակության դեմ և թուլացնում հայկական կողմի դիրքերը Թուրքիայի հետ բանակցություններում: Ավելին, ընդդիմությունը դրանով միաժամանակ օրինականացնում է Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի և Կարսի պայմանագրի առնչությամբ թուրքական պահանջները և Թուրքիային տալիս է այդ պահանջները բարձրաձայնելու հնարավորություն, որպեսզի նա միջազգային հնչեղություն հաղորդի դրանց` Հայաստանի դեմ հետագա օգտագործման հաշվարկներով:
Հայ-թուրքական հարաբերությունները ազգային խնդիր են Հայաստանի համար: Փոխանակ դա հաշվի առնելու` ընդդիմությունը հայաստանյան իշխանություններից պահանջում է նախապայմաններ առաջադրել Թուրքիային: Ակնհայտ է, որ առաջադրման դեպքում թուրքական կողմը կմերժի նախապայմանը, դա կհանգեցնի հայ-թուրքական, «հաշտեցման» գործընթացի ձախողմանը, իսկ դրա պատասխանատվությունն անխուսափելիորեն կընկնի Հայաստանի վրա: Այսպիսով, նա կդառնա միջազգային ուժերի ճնշումների թիրախ: Վերջիններս ինքնաբերաբար հավասարության նշան կդնեն դեռևս 1991-ից հայկական կողմին նախապայմաններ առաջադրելու միջոցով հայ-թուրքական հարաբերությունները փակուղու առջև կանգնեցրած Թուրքիայի և ուժերի լարման գնով թուրքական նախապայմաններին 18 տարի շարունակ դիմակայող Հայաստանի միջև:
Այս ամենը ոչ միայն կասկածի է ենթարկում ընդդիմության հակազդեցության նպատակահարմարությունը, այլև պարունակելով մի շարք հարցականներ` այն դարձնում միանգամայն տարակուսելի` գոնե Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ












