Արման Մելիքյան. «Սա պետք չէ դարձնել ներքաղաքական մկնախաղի ինչ- որ դաշտ»
Վերջին մի քանի օրերին մեծ աղմուկ բարձրացրած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցին երեկ հաջորդել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը:
Ռոբերտ Քոչարյանը նույնպես հանդես է եկել քննադատություններով` հատկապես անդրադարձել է տնտեսական քաղաքականությանը:
Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը այսօր «Հայելի» ակումբում հրաժարվել է մեկնաբանել նախկին նախագահի հայտարարությունները, քանի որ դեռեւս ծանոթ չէ այդ հարցազրույցին:
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, արդյո՞ք, կարելի է ընկալել իբրեւ վերադարձի հայտ հարցին պատասխանել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Ես կարող եմ ասել, որ վատ է տնտեսական վիճակը, անկախ նրանից, Ռոբերտ Քոչարյանն է դա ասում, թե ոչ: Սա պետք չէ դարձնել ներքաղաքական մկնախաղի ինչ- որ դաշտ: Բայց երկու տարվա մեջ չվատացավ վիճակը: Տարիներ շարունակ վատնում է, եւ այդ վատացումը կապված է այն արատավոր կառավարման համակարգի գոյության հետ, որը առկա է Հայաստանում եւ, որը ձեւավորվել է բոլորիս աչքի առջեւ՝ անկախության օրվանից ի վեր: Ես գտնում եմ, որ Հայաստանը նոր ճանապարհի կարիք ունի»:
Վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացած քննադատությունները տնտեսական քաղաքականության առնչությամբ, արդյո՞ք, կարող են հանգեցնել վարչապետի փոփոխության, եւ արդյո՞ք հավանական է, որ այդ պաշտոնը հանրապետականներից փոխանցվի մեկ այլ քաղաքական ուժի: Այս առնչությամբ Հանրապետակն կուսակցության անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանի ասելիքը հետեւյալն է.
«Հանրապետության վարչապետի պաշտոնանկության մասին խոսակցությունները հին հայկական սովորություն է: Որքան հիշում եմ, Հայաստանի բոլոր վարչապետերին, բոլոր տարիներում մի քանի անգամ հանում են: Տիգրան Սարգսյանը աշխատում է եւ աշխատում է շատ լավ, եւ պարոն Տիգրան Սարգսյանի առաջարկը եղել է Հանրապետական կուսակցության կողմից: Հանրապետական կուսակցության ղեկավարը երկրի նախագահն է, եւ սրանով ամեն ինչ ասված է»:
ArmAr.am












