Երևան կժամանի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահը
Այսօր Երևան է ժամանելու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը, որի կազմում են ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն պարոն Անտուան Բերնարը, արտաքին կապերի բաժնի տնօրեն տիկին Իզաբել Շեբան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն տիկին Ալեքսանդրա Կուլաևան: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա 2010 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Պատվիրակությունը Երևանում կլինի մինչև մարտի 28-ը:
Վաղը Խոշտնագումների զոհերի աջակցության միջազգային օրը Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հրավիրում է մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվի Իրավապաշտպանների պաշտպանության Օբսերվատորիայի 2008թ. տարեկան զեկույցը, որում տեղ է գտել Հայաստանին նվիրված մի մաս։ Ասուլիսի մասնակիցները կներկայացնեն նաեւ Արդարադատության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում փաստաթուղթը։ Այս մասին հայտնեցին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ ապրիլի 6-10 Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և իր Երևանյան գործընկեր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ կազմակերպության կողմից կազմակերպվելու է FIDH–ի 37–րդ համագումարը: Դրա նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Ավելի քան 250 մասնակիցներ հաստատել են իրենց ներկայությունը և ակնկալվում են այլ մասնակցության հաստատումներ։ FIDH–ը՝ Քաղաքացիական հասարակության իսնտիտուտ, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Համագործացկություն հանուն ժողովրդավարության կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունների հետ համատեղ ուրբաթ օրը հրապարակել է Հայաստանում արդարադատության իրականացմանը նվիրված փաստաթուղթը։
FIDH–ի նախագահ Սուեր Բելասենը խոսելով փաստաթղթի մասին, նշել է. «Մեր նպատակն է հրավիրել իշխանությունների ուշադրությունը Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում առկա լուրջ խնդիրներին, որոնք էապես խոչընդոտում են Հայաստանում օրենքի գերակայությանը։ Այս փաստաթղթում մենք հրապարակել ենք կարևոր առաջարկներ և հուսով ենք, որ ֆորումը ազդակ կհանդիսանա առաջնթացի և այդ առաջարկների իրականացման համար։ Այսպիսով, մենք վերահաստատում ենք մեր առաջարկները, որոնք ներկայացրել ենք այս և վերջին տարիներին հրապարակված մի շարք փաստաթղթերում։ Մասնավորապես, մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլևս չկան քաղբանտարկյալներ։ Մեծագույն կարևորություն ունի նաև այն, որ իրականացվի 2008 թ մարտի 1-2–ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ և արդյունավետ քննություն: Քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նման քննություն իրականացնելը կնշանավորեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն»:
ArmAr.am












