Արմեն Աղայան. «Արտահերթ ընտրությունների որևէ վտանգ չկա»
«Խորհրդարանն ու ընդդիմությունն այնքան ուժ չունեն, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդեն»: Այս մասին ասել է «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը:
«ՀԱԿ-ը համարյա համաձայն է, խորհրդարանական ընդդիմության դաշնակցական թևն էլ համաձայնության քայլեր անում է: Արձանագրությունների հեղինակ Հայաստանի դեմ պայքարի ապակառուցողական քննադատության տարբերակն անթույլատրելի է ու մերժելի»,- ասաց Աղայանը:
Նրա դիտարկմամբ, իշխանափոխության խնդիրն այսօր այլ ձևակերպում է ստանում, աստիճանաբար կապվում է «ընդդիմադիրափոխության» հետ: Ըստ Աղայանի, մեր հասարակությունն իրավունք ունի ունենալ այնպիսի ընդդիմություն, որն ազգային խնդիրների շուրջ հստակ ազգային դիրքորոշումներ կունենա:
Սակայն Արմեն Աղայանն արտահերթ ընտրությունների որևէ վտանգ չի զգում, ավելին` նա վստահ է, որ իշխանական թևում դրա մասին չեն էլ մտածում:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ քաղաքականություն, Ա. Աղայանը նշեց, որ վարչական ռեսուրսին տիրապետողն իշխանություններն են, և «սպասել Քոչարյանից, որ նա ժողովրդական ընտրությամբ կգա իշխանության, հնարավոր չէ»:
ArmAr.am












