«Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը»
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին
Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները:
Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր ասել: Սակայն եթե դա իրականություն է, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ ես ներկա եմ եղել այն հանդիպումներին, որոնց արդյունքում սկսվել եւ շարունակություն է ստացել հայ-թուրքական կարգավորման գործընթացը, երբ որեւիցե պայմանավորվածություն ցեղասպանության եղելության քննարկման մասին չի եղել:
Թե Հանրապետության Նախագահը, թե արտգործնախարարը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայաստանը երբեւէ հարցականի տակ չի դրել եւ չի դնելու ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը: Հայաստանի ԱԳ նախարարն այդ մասին հայտարարել է անգամ 2008 թ. նոյեմբերին Ստամբուլում` Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Բաբաջանի հետ հանդիպումից րոպեներ առաջ: Այսօր, այս հարցի շուրջ որեւէ շահարկում անհարիր է եւ անտեղի:
ArmAr.am












